«Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ աշխատում են շատ պրոֆեսիոնալ քաղաքական տեխնոլոգներ, որոնք գործողությունների գրագետ ռազմավարություն են ընտրել: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այն մեթոդը, որն այժմ ընտրել է «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարը ակտիվորեն օգտագործվել է դեռ անցյալ դարի 60-ականներին, ԱՄՆ-ում:

 «Ես խոսում եմ Մարթին Լյութեր Քինգի մասին, երբ նա երկրի կենտրոնից երթ սկսեց, որն էլ վերջնական փուլում հասավ մայրաքաղաք», - նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր գործիչը կարողացավ  հասնել իր նպատակին, թեեւ դրա համար որոշակի ժամանակ պահանջվեց:

Մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե բողոքողները հրաժարվում են բռնության եւ ուժի ցանկացած տեսակից, միաժամանակ առաջարկելով արգելափակել խորհրդարանի եւ պատգամավորների տների մուտքերը, Քոչարյանը նշեց, որ նման տեխնոլոգիաները կիրառվել են նաեւ 20-րդ դարում, իսկ Հայաստանում արդեն 1988-1989 թվականներին, երբ քաղաքացիները, փորձելով  Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավորների վրա ճնշում գործադրել, պահում էին նրանց կամ ուղղակի թույլ չէին տալիս հանսել աշխատավայր:

 «Այս տեխնոլոգիաները բավականին հին են: Դրանցում ոչ մի նոր բան չկա: Կապրենք՝ կտեսնենք», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրիից քայլարշավ սկսեց դեպի մայրաքաղաք:

Ընդդիմադիրների ոչ մեծաքանակ խումբը մտադիր է 200 կմ անցնել մինչեւ Երեւանի Ազատության հրապարակ, ուր մտադիր է ապրիլի 13-ին հասնել: Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեմ է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի որպես վարչապետ առաջադրմանը:

Դաշինքի մյուս երկու քաղաքական ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները, դեռեւս չեն աջակցել այդ նախաձեռնությանը: