Տվյալների պաշտպանության արդյունավետության հարցը շատ կարեւոր է ժամանակակից հասարակություններում, որտեղ ակտիվորեն զարգանում են տեխնոլոգիաները։ Այս մասին ապրիլի 11-ին՝ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հարցին Հայաստանում տվյալների պաշտպանվածության մակարդակի մասին՝ հիշեցնելով, որ Գերմանիայի դեսպանատունը վիզաների տրամադրումը մտադիր է փոխանցել ռուս–թուրքական VisaMetric ընկերությանը։
Նախարարը, շրջանցելով VisaMetric–ի թեման, հայտարարել է, որ Հայաստանում արդեն ստեղծվել է առանձին գործակալություն, որը կգործի Արդարադատության նախարարության կազմում. «Մենք քայլեր ենք ձեռնարկում այս գործակալության հնարավորությունները ավելացնելու ուղղությամբ։ Խնդիրն այն է, որ տվյալների մշակմամբ զբաղվող գործակալությունը պարտավոր է համապատասխան լիազոր մարմիններին տեղեկացնել, թե ոնց է մշակելու քաղաքացիների տվյալները եւ ինչպես է ապահովելու դրանց անվտանգությունը»,–նշել է նախարարը։
Հարությունյանի կարծիքով՝ այս ամենը պահանջում է լուրջ տեխնիկական բազայի եւ գիտելիքների առկայություն՝ հավելելով, որ նրանք կդիմեն համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետներին ու մասնագիտացված ընկերություններին։
Նրա փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Հայաստանում կստեղծվի պետական ծառայությունների ավելի լայն հարթակ Mobil ID–ի կիրառմամբ եւ, սրանից ելնելով, ամենակարեւոր ուղղությունները կգտնվեն կառավարության վերահսկողության ներքո։




























