Չինաստանի կողմից առաջարկված «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնությունը խելամիտ ֆինանսական քաղաքականության եւ նախագծերի ընտրության ժամանակ մասնակից երկրների ենթակառուցվածքների իրական պահանջների հաշվի առնման կարիք ունի, հակառակ դեպքում նրանցից շատերը կմնան թղթի վրա: Այդ մասին ապրիլի 12-ին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախագծի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Չինաստանի Ազգային բանկի կազմակերպած համաժողովին ելույթ ունենալով՝ նա նշել է, որ հաշվի առնելով այն փաստը, որ «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնությունում մասնակցում է ավելի քան 70 երկիր, դժվար է հստակ գնահատել ընդհանուր ներդրումային պահանջները, բայց ամեն տարի դրանք հարյուր միլիարդավոր դոլարների են հասնելու:
Ակնհայտ է, որ ենթակառուցվածքների շտապ կարիք կա եւ այդ ուղղությամբ արդեն առաջընթաց է գրանցվել»:
«Սակայն մտավախություն կա, որ որոշ ներդրումներ, եթե դրանց պատշաճ ուշադրություն չդարձնենք, կմնան թղթի վրա», - ասել է Լագարդը:
Նա ավելացրել է, որ եթե չինական ընկերությունները կամ այլ երկրների ընկերությունները արտասահմանում շինարարությանը մասնակցեն, ապա նրանք կարող են քաղաքականության, օրենսդրության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում դժվարությունների հանդիպել:
Նա ընդգծել է նախաձեռնության մեկ այլ մարտահրավերի կարեւորությունը՝ խելամիտ տնտեսական քաղաքականության վարումը: Նրա խոսքով, նախաձեռնությունը կարող է ֆինանսավորել գործընկեր երկրների համար առավել անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծերը, սակայն դա իր հերթին կարող է հանգեցնել նաեւ որոշ երկրների պարտքերի խնդրահարույց աճին եւ պարտքերի ավելացման հետ կապված այլ ծախսերի պոտենցիալ նվազեցմանը:
«Այն պետությունների համար, որտեղ պետական պարտքը շատ բարձր է, ֆինանսավորման պայմանների ուշադիր կարգավորումը կարեւոր է, դա կպաշտպանի ինչպես Չինաստանին, այնպես էլ նրա գործընկերներին պայմանագրերի կնքումից, որոնք ապագայում կարող են տնտեսական դժվարությունների հանգեցնել», - ասել է Լագարդը:



























