ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 12-ին հանդիպել է միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը՝ Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց առավելագույն ուժեր ներդնել այդ աշխատանքներում, փոսային նորոգման ընթացիկ աշխատանքներից բացի՝ ուշադրության կենտրոնում պահել ճանապարհամերձ հատվածների բարեկարգման, կանաչապատման եւ մաքրման գործընթացը։
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանին առանձին հանձնարարվեց ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ճանապարհային նշանների համապատասխանության ուսումնասիրություն կատարել, հայտնաբերված թերությունները շտկել։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ փոսային նորոգման աշխատանքների ընթացքում ակնհայտ թերացումներ թույլ տված ճանշիններին։ Նրանց խիստ նկատողություն կտրվի, իսկ նույն կերպ աշխատանքը շարունակելու դեպքում պայմանագիրը կլուծարվի։
ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարները նաեւ մի շարք խնդիրներ բարձրաձայնեցին։ Դրանք հիմնականում վերաբերում էին այն ճանապարհներին, որոնց ծածկն առավելապես քայքայված է եւ փոսային նորոգումներն այլեւս արդյունավետ չեն։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հնարավորության սահմաններում առավել վնասված ճանապարհահատվածները կընդգրկվեն հիմնանորոգման ծրագրերում։
ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Նա կարեւորեց առաջիկա շաբաթօրյակին ճանշինականների եւ համապատասխան տեխնիկայի ներգրավումը մաքրման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու գործում։ Ճանշինականները ցանկություն հայտնեցին նաեւ շաբաթօրյակի շրջանակներում իրենց ուժերով ծառատունկ իրականացնել։



























