Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանը:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, մինչեւ հարցերը ներկայացնելը, նշել է, որ այսօր արվում է «Ազգ-բանակ»-ի իրականացման առումով շատ կարեւոր չորրորդ քայլը: Առաջին քայլը, ըստ Վիգեն Սարգսյանի, գաղափարականն էր, որը բխում էր հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից եւ ուղեցույցային հիմնական մոտեցումներից, կառավարության գործունեության ծրագրից եւ վերաբերում էր բանակաշինությանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:

«Երկրորդ կարեւոր քայլը իրավական էր: Մենք երկու կարեւոր օրենք ընդունեցինք, որոնցով համախմբեցինք մինչ այդ գործող 7 օրենքները եւ հարմարեցրեցինք դրանք արագ ու դինամիկ քաղաքականություն ներդնելու հնարավորություններին, համապատասխանեցրեցինք Սահմանադրությունից բխող նոր պահանջներին: Երրորդ կարեւոր քայլն արդիականացման ծրագիրն էր, որն առաջիկա 7 տարվա համար բանակի զարգացման շատ գործնական ճանապարհային քարտեզ է: Չորրորդ կարեւոր քայլը մենք այսօր ենք կատարում. վեց բլոկ որոշումներ եմ բերել այսօրվա նիստին, որոնցով մենք կոնկրետ ծրագրեր ենք ներդնում այս ամբողջ գաղափարախոսությունից անցնելու շատ կիրառական գործնական քայլերի», - պարզաբանել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարը:

Այսպիսով՝ կառավարությունը սահմանել է.

-բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության այն ռազմաուսումնական հաստատությունները, որոնցում օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներն անցնելու են զինվորական պատրաստություն, զինվորական պատրաստություն անցնելու պայմանները եւ ժամկետները, զինվորական պատրաստության կազմակերպման ընթացքը եւ ավարտը, քաղաքացիներին զինվորական պատրաստությունից ազատելու եւ/կամ հեռացնելու պայմանները:

-նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու եւ տրված տարկետումը դադարելու պայմանները: Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող եւ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների հաշվառման, նրանց ընտրության (թեստավորման միջոցով), թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվածների հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու եւ տարկետում տրամադրելու պայմանները, կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը:

-սպորտի, գիտության եւ կրթության, ինչպես նաեւ մշակույթի եւ արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգերն ու պայմանները: Ըստ այդմ՝ սահմանվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքացուն տարկետում տալու գործընթացի շրջանակում իրականացվող ընթացակարգերը, նախատեսվում է համապատասխան բնագավառում նշանակալի նվաճումների չափորոշիչները, ինչպես նաեւ տրամադրված տարկետման ժամկետի ավարտից հետո կրկին անգամ տարկետում տրամադրելու պայմանները:

-ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի չափը, տրման կարգը եւ պատվովճարի տնօրինման ուղղությունները: Որոշման համաձայն սահմանվում են այդ զինծառայողներին հաշվարկվող պատվովճարի չափը, որը զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու դեպքում կազմում է 5.000.000 մլն դրամ, իսկ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակելու դեպքում հաշվարկվում է նշված գումարը 36 ամիսների վրա բաժանելու եւ ստացված մեկ ամսվա գումարը մինչեւ զինվորական ծառայությունից արձակելու ամիսը ներառյալ ծառայած ամիսների թվի վրա բազմապատկելու արդյունքում ստացված չափով: Սահմանվում են նաեւ պատվովճարի տնօրինման ուղղությունները:

-զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաեւ քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները: Հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձեւակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի եւ չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով կապահովվի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով՝ քաղաքացու առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության, հետազոտման եւ փորձաքննության ուղեգրման գործընթացների, հետազոտում եւ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների եւ դրանց գործունեության կարգերի հաստատման, փորձաքննության եզրակացությունների ձեւերի սահմանման, բժշկական հետազոտությունների եւ բժշկական հաստատությունների ցանկերը սահմանելու, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման գործընթացի պատշաճ իրականացումը, փորձաքննության կարգի նվազ խոցելիությունը եւ հանրային թաձանցիկությունը, կբացառվեն ոչ հստակ բնութագրող, հակասական, վերացական պարզաբանումները եւ փորձաքննական սահմանային ախտորոշումները, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գտնվող շենք-շինությունները եւ հողամասը հետ վերցնել եւ նվիրել Գյումրիի քաղաքային համայնքին՝ ըստ կարիքների օգտագործելու համար: