2013-2016 թվականների ընթացքում ավելացել է հանրահավաքներին մասնակցող այն քաղաքացիների թիվը, որոնց ոստիկանությունն ապօրինի բերման է ենթարկել: Այս մասին, ապրիլի 12-ին, «Մարդու իրավունքների խախտումները խաղաղ հավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարում» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Բանախոսն անդրադարձավ հարցին՝ արդյոք պետության կողմից ապահովվո՞ւմ է ազատ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքը եւ ինչպե՞ս են իրենց դրսեվորել իրավապահ մարմինները, այդ հավաքների ժամանակ. «Սերժ Սարգսյանի նախագահությունը եկավ հաջորդելու 2008 թվականի մարտի մեկին՝ ազատ հավաքների դեմ իշխանության կողմից զանգվածային հետպնդումներին, ապօրինի գործողություններին, այդ թվում՝ Զինված ուժերի կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված ոտնձգություններին, որոնց հետեւանքով 10 հոգի զոհվեց: Ըստ էության ազատ հավաքների ժամանակ քաղաքացիների հանդեպ ոտնձգություններ եղել են ոչ միայն Սերժ Սարգսյանի նախագահության, այլ վարչապետության ժամանակահատվածում եւս»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով, անցած 10 տարիների ընթացքում, ազատ հավաքների ժամանակ խոչնդոտումների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել. «Իշխանությունը՝ հանձինս Սերժ Սարգսյանի, որի ձեռքում կենտրոնացված է եղել իրավապահ մարմինների, դատական իշխանության, դատախազության, քննչական մարմինների, ոստիկանության ամբողջ ռեսուրսները, անձնական պատասխանատվություն ունի այդ մարմինների բնականոն գործունեության համար, բայց նա ոչ միայն ոչինչ չարեց այդ խախտումների վերացման համար, այլեւ արեց ամեն բան, որպեսզի խախտումներ թույլ տված մարմինները պատասխանատվություն չկրեն»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նա տեղեկացրեց, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո մոտ 40 լայնածավալ հավաք է տեղի ունեցել. «2013-2016 թթ ընթացքում ավելացել է հավաքներին մասնակցող քաղաքացիների ապօրինի ոստիկանության բաժանմունք տեղափոխելու թիվը»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի պնդմամբ չի եղել որեւէ հավաք, որտեղ իշխանությունը խախտած չլինի քաղաքացիների իրավունքներից որեւէ մեկը. «Այդ ամենի նպատակը ազատ քաղաքացու գործողությունների կանխարգելումն է, այսինքն իշխանությունը պայքարում է ազատության համար պայքարող քաղաքացիների դեմ: Թեեւ մարտի 1-ից հետո ընդունվեց հատուկ կարգ՝ զանգվածային միջոցառումների ժամանակ իրավապահ մարմինների ու ոստիկանության վարքի մասին, այնուամենայնիվ ոչինչ չփոխվեց: Իշխանությունը շարունակում է ասել՝ ոչ միայն չենք լուծելու ձեր խնդիրները, այլեւ թույլ չենք տալու պայքարել այդ խնդիրների դեմ»:



























