Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատաքննության ավարտից 17 օր անց պաշտպաններին է ուղարկել դատավճիռը, որն, ըստ պաշտպանների, մեղադրական եզրակացության կրկնօրինակն է:
Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը պնդում է, որ դատավճռում որպես փաստեր ամրագրվել են մեղադրական եզրակացությունում առկա ենթադրությունները: Հայաստանյան ատյաններում վճռի բողոքարկման ընթացակարգը սպառելուց հետո պաշտպանները կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Հույս ունեինք, որ դատարանը կվերլուծեր դատաքննության ընթացքում կատարված հետազոտությունները, բայց ոչ մի ջանք չէր գործադրել եւ նման մոտեցում չէր ցուցաբերվել: Ժիրայր Սեֆիլյանի դեպքում մնացել են այն ենթադրությունները, որոնք ներկայացված են առաջադրված մեղադրանքում, այսինքն՝ որպես փաստեր դատավորի համար այդ ենթադրություններն են մնացել եւ Հայաստանի Հանրապետության անունից այդ տեսքով կայացրել է դատական ակտ: Այս քաղաքական հետապնդումը ուղղակիորեն ղեկավարել ու ցուցումներ է իջեցրել նախկին նախագահ ներկայումս գործազուրկ Սերժ Սարգսյանը, քանի որ նախաքննության ժամանակ եւ հետագայում արդեն դատարանում նրա յուրաքանչյուր խոսքին հաջորդել է առարկայական գործողություն: Ոչ թե քրեական իրավունքին համահունչ ապացույցներ են հավաքվել, այլ նյութեր, որոնք պիտի հիմք տային Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու»,–ասաց Արայիկ Պապիկյանը:
Գործով պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ եթե նախկինում հայաստանյան դատական համակարգում ձեւականորեն պահպանվում էր իրավական գործընթացների կառուցվածքն ու տրամաբանությունը, ապա Տաթեւիկ Գրիգորյանի ձեռամբ գրված այս փաստաթուղթը ապացուցում է, որ Հայաստանում արդեն ուղղակի գոյություն չունի արդարադատություն։
«Տաթեւիկ Գրիգորյանի գրած փաստաթղթին ասել դատավճիռ, նշանակում է բարձրացնել դրա արժեքը։ Էս դեպքում չունենք տրամաբանական շարադրված հասկանալի լեզվով մեղադրանքներ, գործողությունների շարունակություն սկզբից մինչեւ վերջ։ Տաթեւիկ Գրիգորյանը, որքան էլ, որ, կներեք արտահայտությանս, ապականում ու խայտառակում էր դատական պրոցեսը, մտածում էինք՝ երիտասարդ դատավոր է, նոր սերնդի դատավորի նմուշ է, որը գոնե կշարադրի դատավճիռը, սակայն ամենայն հավանականությամբ 17 օր մտածելուց հետո հասկացել է, որ հնարավոր չի այն գրել եւ պարզապես արտագրել է մեղադրական եզրակացությունը։ Անմեղսունակ մարդը կարող է ասել, որ ինքը հասկանում է այդ մեղադրական եզրակացությունը»,–ասաց Տիգրան Հայրապետյանը եւ որպես օրինակ մեջբերեց Հրայր Թոփչյանի ցուցմունքը, որը դատավճռում աղավաղված է ներկայացվել։ «Ամենաճչացող ամենահիմնական հանգամանքներից մեկը Հրայր Թոփչյանի ցուցմունքն է, որը կապում էր Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքների հետ: Հրայր Թոփչյանը դատարանում ասաց՝ իմ տղաները եղել են զինծառայողներ եւ իրեն ասել են, որ տղաներիդ հետ դեպք կպատահի, եթե այս ցուցմունքը չշարադրես: Սա մի քանի անգամ հնչել է եւ սրա շուրջ էր ցուցմունքը, սակայն դատարանը լղոզել է, թե սա չի եղել: Դատարանը գրել է՝ Հրայր Թոփչյանն ասել է, որ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել, որովհետեւ իր տղան բանակում է եւ իր եղբայրը սպա է։ Բայց դա ի՞նչ կապ ունի Թոփչյանի ասածի հետ»։
Գործով պաշտպան Տիգրան Եգորյանն էլ անդրադարձավ Գեւորգ Սաֆարյանին առնչվող այն դրվագին, որ նրա պատժաչափը ավելին են սահմանել, ինչը հակասահմանադրական է։ «Ես կցանականամ անդրադառնալ մեկ այլ կարեւոր դրվագի Գեւորգ Սաֆարյանի մասով: Դատարանը կիրառելով Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները Գեւորգ Սաֆարյանին մեղսագրված արարքի դատավճռում մասնակիորեն՝ գումարել է մինչ այդ Գեւորգ Սաֆարյանին մեղսագրված, այնուհետեւ դատական ակտով փաստարկված, բողոքարկված ու օրինական ուժի մեջ մտած, այդ ակտով սահմանված պատիժը կրած փուլի գործը եւ հայտնի տոնածառի գործը: Սա հակասում է Սահմանադրությանը, քանի որ այս մեխանիկական ընթացակարգային գումարումների ու հանումների արդյունքում Սաֆարյանի փաստացի կրման պատիժը մեկուկես տարով ավելի երկար է սահմանվել։
Արդեն իսկ կրած պատժի չափի գումարումը այս նոր կայացված դատական ակտով սահմանված պատժին չի բխում ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավունքներից ու սկզբունքներից»,–ասաց Տիգրան Եգորյանը։ Դատական ակտի ուսումնասիրությունից պաշտպանը եկել է այն եզրահանգման, որ Գեւորգ Սաֆարյանին եւ ժիրայր Սեֆիլյանին վերագրված զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը դատական ակտով հիմնավորված չէ: Պաշտպանները բավարար ապացույցներով համոզվել են, որ դատական ակտը շարադրվել է նախապես՝ մինչեւ Սեֆիլյանի եւ մյուսների գործի դատաքննությունը։
«Փաստեըը շատ են, որոնք վկայում են այն մասին,որ ժիրայր Սեֆիլյանի եւ նրա գործընկերների, համախոհների նկատմամբ հետապնդումները սկսվել են ավելի վաղ։ Մենք առնվազն ունենք փաստագրված այդպիսի ապացույցներ՝ սկսած 2014 թվականի գաղտնալսումներից: Դրանք մենք ձեռք ենք բերել գործի նյութերից, գործում հայտնվել են գաղտնալսման նյութեր, որոնք եղել են մինչեւ 2015 թվականի «Ռեժիմն առանց հարյուրամյակի» շարժման դեպքերը։ Գործը հարուցվել է 2015 թվականի փետրվարի 18-ին, բայց գաղտնալսումները 2014 թվականից են եղել։ Գաղտնալսումների առկայությունը՝ առանց համապատասխան քրեական գործի եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին օրենքի համապատասխան դրույթների պահպանման, վկայում է անթույլատրելի հետապնդման մասին»։ Տիգրան Եգորյանը հիշեցրեց դատաքննության փուլում Արայիկ Պապիկյանի ճառում Սեֆիլյանի եւ Վիտալի Բալասանյանի զրույցի հատվածը, երբ Բալասանյանը Սեֆիլյանին մեծ հաշվով հայտնում է այն մասին, որ պետական բարձր մակարդակով Սեֆիլյանի գործունեության դեմ որոշակի գործողություններ են կազմակերպվում։
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի, 5 ամսվա ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 5.5 տարվա ազատազրկման (Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար): Գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման: Դատավորն ամբողջությամբ ապացուցված համարել, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, հետագայում էլ ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:




























