Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 21-ին ստորագրել է «Դատարանների կամ դատավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսեւորումները կանխելու մասին» Խորհրդի որոշումը:
Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասի, 164-րդ հոդվածի 1-ին մասի եւ 173-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ, 79-րդ հոդվածների եւ 94-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով,
կարեւորելով դատական իշխանության ինքնուրույն ու առանձնահատուկ տեղն ու դերն իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները` դատարանների եւ դատավորների անկախությունը երաշխավորելու առնչությամբ,
նպատակ ունենալով դատավորներին զերծ պահել նրանց անկախությանը սպառնացող տարաբնույթ միջամտություններից ու ազդեցություններից, որոշում է.
Անթույլատրելի համարել դատավորի գործունեությանը որեւէ միջամտություն, այդ թվում` կոնկրետ գործի քննության առնչությամբ հանրային իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռախոսային կամ այլ բնույթի հաղորդակցությունը գործը քննող դատավորի կամ դատարանի նախագահի հետ, ինչպես նաեւ այդ առնչությամբ հրապարակային հայտարարություն անելը:
Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի` ցանկացած սուբյեկտի կողմից քննության առարկա գործի առնչությամբ դատավորից ընդհուպ տեղեկատվություն ստանալու փորձը համարել միջամտություն դատավորի գործունեությանը եւ դատարանի անկախությանը:
2. Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջամտության փաստի առկայության դեպքում դատավորը պարտավոր է անհապաղ սահմանված կարգով տեղյակ պահել Բարձրագույն դատական խորհրդին:




























