«Ծառուկյանը» դաշինքը դեռ որոշում չի կայացրել, թե ինչպես կքվեարկի ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության ժամանակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհարբյանը:

«Կարծում եմ` երկուշաբթի օրը դաշինքը վերջնական քննարկում կունենա եւ ամսի 17-ին` քննարկումների ժամանակ, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք: Այս պահին վերջնական քննարկումներ դեռ չեն եղել, ուստի ես ձեռնպահ կմնամ որեւէ տեսակետ հնչեցնելուց»,- ասաց նա:

Ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության որոշ ներկայացուցիչներ հայտարարել էին, որ «Ծառուկյան» դաշինքը որպես ընդդիմադիր քաղաքական ուժ պետք է դեմ լինի Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

Նշենք, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արդեն հայտարարություն է տարածել, որ հավանություն է տալիս վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստում որոշվել է վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին:

Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում: