Շանթ Հարությունյանը բանտում հացադուլ է հայտարարել՝ միանալով այսօր Երեւանի փողոցներում սկսած պայքարին: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքով, Լոս Անջելեսում եւս ի աջակցություն իրենց պայքարի, բողոքի ակցիա է տեղի ունեցել, բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ Գյումրիում:
Սանասարյանը կոչ արեց բոլորին երկուշաբթի օրվանից գործադուլ հայտարարել եւ միանալ իրենց պայքարին. «Եթե բոլորս գործադուլ անենք, գործատուները այլ ճար չեն ունենա, քան գալ, կանգնել հրապարակում, քան տպել թռուցիկներ եւ կոչ անեն իրենց մյուս գործընկերներին գալ հրապարակ: Մի վախեցեք, գործադուլ արեք, միացեք հանրահավաքներին: Մեկ-երկու օր եւ ռեժիմը կոլապսի մեջ է հայտնվելու: Դրանով կխփենք ռեժիմի տնտեսական բոլոր աղբյուրներին: Նրանք դրանից են վախում: Մենք մինչեւ հիմա չենք փորձել: Եկեք աշխարհին ցույց տանք, թե ինչպես են Հայաստանում գործադուլ անում»,-ընդգծեց ակտիվիստը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին:




























