Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության իրավիճակի հետ կապված ԱՄՆ-ի զեկույցը անարդար է եւ ոչ օբյեկտիվ: Չինաստանը դեմ է նման միակողմանի եւ անհիմն քննադատությանը: Այս մասին նշվում է Չինաստանի Առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ-ի Առեւտրային ներկայացուցչի գրասենյակը նախօրեին հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք զբաղվում են մտավոր սեփականության յուրացմամբ: Ցանկում ներառել են Ալժիրին, Արգենտինային, Կանադային, Չիլիին, Կոլումբիային, Չինաստանին, Հնդկաստանին, Ինդոնեզիային, Քուվեյթին, Ռուսաստանին, Ուկրաինային եւ Վենեսուելային:

Նշվում է, որ զեկույցում ԱՄՆ-ն անտեսել է օբյեկտիվ փաստերը եւ Չինաստանին ընդգրկել է առաջնահերթ երկրների ցանկում, որոնց նկատմամբ հատուկ հսոկողություն է պետք:

 «Մենք դեմ ենք դրան եւ պնդում ենք, որ ամերիմյան կողմը լրջորեն վերաբերվի երկկողմ պարտավորությունների կատարմանը, հարգանքով հաշվի առնի փաստերը, մտավոր սփականության իրավունքի ոլորտում այլ երկրների եւ Չինաստանի կառավարության ջանքները եւ արդյունքները օբյեկտիվ, անաչառ եւ բարեխղճորեն գնահատի», — նշել է նախարարությունը:

Չինաստանի Առեւտրի նախարարությունը նաեւ ընդգծել է, որ երկրի իշխանությունները «մեծ նշանակություն են տալիս մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը»:

«Տարիներ շարունակ Չինաստանը հետեւողականորեն շարունակում է բարելավել իր օրենսդրությունը, անդադար ամրապնդում է կառավարումն ու դատական պաշտպանությունը մտավոր սեփականության ոլորտում, համապատասխան մեխանիզմները եւ մտավոր իրավունքների պաշտպանության մակարդակը համապատասխանում է ընդհանուր ընդունված միջազգային չափանիշներին»: