Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում առեւտրային բանկերում բնակչության ընդհանուր խնայողությունները (դրամով եւ արտարժույթով) աճել են ֆանտաստիկ տեմպով ` 25 անգամ: Ընթացիկ տարվա մարտի 31-ի դրությամբ այն կազմել է 1,37 տրիլիոն դրամ (ներառյալ 0,84 տրիլիոն դրամ` արտարժույթով) եւ նշված ժամանակահատվածում ավելացել է 1,31 տրիլիոն դրամով:

Բնակչության կազմակերպված խնայողությունների «դոլարիզացիան», չնայած ուսումնասիրված ժամանակահատվածում նկատելիորեն նվազել է, բայց դեռ նշանակալի է: Այսպիսով, ընթացիկ տարվա մարտին արտարժույթով ավանդների մասնաբաժինը կազմել է գրեթե 62 տոկոս (համեմատության համար՝ Ռուսաստանում այն չի հասնում 30 տոկոսի), դրանցից ժամկետային է մոտ 53 տոկոսը: Այսինքն, բնակչության բոլոր ավանդների ընդհանուր թվի կեսից ավելին արտարժութով ժամկետային ավանդներ են:

«Դոլարաիզացիա» տերմինը բավականին ճշգրիտ համապատասխանում է Հայաստանում ավանդների իրավիճակին: Չէ որ արտարժույթով ժամկետային ավանդների գերակշռող մասը ներկայացված  է հենց դոլարով (դրանց մասնաբաժինը ընդհանուր գումարում կազմում է 95,5 տոկոոս) եւ  միայն աննշան մասը եվրոյով է (4,5 տոկոս): Հետեւաբար ժամկետային ավանդների գումարի վերահաշվարկը` դրամից  դոլարի, շատ չի խեղաթյուրում այս ոլորտի իրական վիճակը:

Հետեւյալ աղյուսակը ցույց է տալիս 2003-2018 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ ժամկետային ավանդների դինամիկան (միլիոն դոլարներով): Գիծը ներկայացնում է նույն ամսաթվերին դոլարի փոխարժեքը Հայաստանում: Ինչպես տեսնում ենք, նույնիսկ դոլարի փոխարժեքի կտրուկ անկման տարիներին բնակչության ժամկետային ավանդները կայուն աճել են: Այս տարվա մարտին արտարժութային ժամկետային ավանդների գումարը հասել է  1.5 մլրդ դոլարի:

Ժամանակին ավանդների «դոլարիզացիայի» մակարդակը նվազեցնելու համար մի շարք միջոցառումներ էին ձեռնարկվել: Մասնավորապես, դրամով երաշխավորված ավանդի առավելագույն չափը ավելի բարձր է, քան արտարժույթով: Բացի այդ, մենք ունենք բարձր տարեկան տոկոսադրույքներ ազգային արժույթով, իսկ արտարժույթով՝ ցածր: Ահա տեղական բանկերին բնորոշ տարբերակումը. մեկ տարուց ավելի ժամանակահատվածում դրամով ավանդի տոկոսը 8.5 է,  իսկ ԱՄՆ դոլարի համար զգալիորեն պակաս է` 4.5 տոկոս: Տարբեր առեւտրային բանկերում այդ ցուցանիշները կարող են մի փոքր տարբեր լինել, բայց հարաբերակցությունը մոտավորապես նույնն է:

Նման տարբերությունը կարող է հանգեցնել բավականին սպասված արդյունքների: Բացատրենք դա 1 000 դոլարի օրինակով:

Տարբերակներից մեկում ավանդը ձեւավորվում է նույն դոլարով, իսկ մյուսում դրանք նախապես դրամի վերածելուց հետո: Ենթադրենք, մեկ տարում բոլոր պայմանները (ԱՄՆ դոլարի փոխարժեքը, արժույթների փոխարժեքը) մնացել են անփոփոխ:

Առաջին տարբերակում ավանդատուն կստանա  40 դոլար (մինչեւ 10 տոկոս հարկի պահում): Երկրորդ տարբերակում տոկոսներով ստացված դրամները փոխանակվում են դոլարով: Արդյունքում ավանդատուն արդեն երկու անգամ ավելի է ստանում՝  80 դոլար:

 Եթե այս գործողությունն իրականացվում է ավելի մեծ գումարներով, ապա ավելացող գումարը կլինի նույնքան անգամ մեծ: Ավելացնենք, որ փոխանակման համար դրամի գնման ժամանակ օգտագործվել են փոխանակման կետերի ներկայիս առավելագույն դրույքաչափերը, իսկ դոլարարի համար՝ նվազագույնները:

Վերջում նշենք, որ Հայաստանում բոլոր ժամկետային ավանդների (դրամով եւ արտարժույթով) քանակը հասնում է գրեթե 207 հազարի: Կարե՞լի է արդյոք եզրակացնել, որ հանրապետության ընտանիքների մեկ քառորդը բանկում ժամկետային ավանդ ունի:

Ամենայն հավանականությամբ, իրականում պատկերը այլ է: Նույնիսկ խորհրդային տարիներին նախաձեռնող քաղաքացիները այն ժամանակվա Սբերբանկի տարբեր մասնաճյուղերում մեծ ավանդներ էին ներդնում: Պետք է ենթադրել, որ այս «սխեման» կիրառվում է նաեւ այսօր:

Մեկ այլ հարց է, թե ինչու ավանդատուներն իրենց գումարները չեն ներդնում բիզնեսում: Դրա պատճառները հայտնի են: Նախ, մենք չունենք կայացած բաժնետոմսերի շուկա: Այնպես որ որեւէ բարգավաճ առեւտրային ընկերության բաժնետեր դառնալու հնարավորությունը չկա: Երկրորդ՝ մեր պայմաններում ռիսկային է սեփական բիզնես ստեղծելը: Ի վերջո, մի շարք գործոններ խոչընդոտում են փոքր բիզնեսի ազատ զարգացմանը: Հետեւաբար, կարելի է միայն հուսալ, որ առաջիկա փոփոխությունները ամեն ինչ դեպի լավը կփոխեն: