Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան տնտեսագետ Կառլո Կոտարելիին առաջարկել է ղեկավարել տեխնիկական կառավարությունը: Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ուգո Ձամպետին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հանրապետության նախագահն այսօր ընդունել է Կառլո Կոտարելիին, ում փոխանցել է կառավարության ձեւավորման մանդատը: Կոտարելին մանդատն ընդունել է եւ մոտ ժամանակներս պետք է պաշտոնապես պատասխանի»,- լրագրողներին ասել է Ձամպետին:

Կոտարելին տնտեսագետ է, որն ԱՄՀ-ում աշխատանքի բազմամյա փորձ ունի եւ հայտնի է պետական ծախսերի կրճատման իր մեթոդներով: Նա պետք է առաջարկի տեխնիկական կառավարության կազմը: Ավելի վաղ տապալվել էր «5 աստղերի շարժում» եւ «Լիգա» կուսակցությունների մասնակցությամբ կառավարության ձեւավորման փորձը՝ փաստաբան Ջուզեպե Կոնտեի ղեկավարությամբ:

Մայիսի 27-ին Կոնտեն հրաժարվել է կառավարությունը ղեկավարել, երբ Մատարելան էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի պաշտոնում չի հաստատել 81-ամյա Պաոլո Սավոնային, որը հայտնի է եվրոպական միասնական արժույթի հանդեպ իր բացասական վերաբերմունքով: «5 աստղերի շարժումը» եւ «Լիգան», որոնց ավանդաբար դասում են եվրահոռետեսների եւ պոպուլիստների շարքին, հայտարարել են, որ դա ընդամենը պատրվակ է եղել, որ թույլ չտրվի Բրյուսելին վախեցնող կառավարության ձեւավորումը: Կուսակցություններն իրենց հերթին հրաժարվել են փոխզիջման գնալ եւ այլ թեկնածու առաջադրել: