Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն Թբիլիսիում երկու պատանիների սպանության գործի պատճառով հրաժարական է տվել: Վրաստանի քաղաքացիները բողոքի ակցիայի էին դուրս եկել պահանջելով Շոթաձեի հրաժարականն այն բանից հետո, երբ դատարանը որոշում էր կայացրել, որ դատախազությունը չի կարողացել պարզել Դավիթ Սարալիձեի մարդասպանին, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Բողոքի ակցիային մասնակցում են քաղաքական կուսակցությունների, հասարակության  ներկայացուցիչներ: Վերջերս նրանց է միացել Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուան:

 «Ուզում եմ անձամբ դիմել Խորավա փողոցում սպանված դեռահասների ծնողներին: Ես եղել եմ եւ մնում եմ ձեր կողքին: Որպես գլխավոր դատախազ եւ հայր, ուզում եմ ասել, որ պաշտոնը չարժե ձեր երեխաների կյանքը: Ուզում եմ իմանաք, որ ես արել եմ ամեն ինչ, որպեսզի մեղավորները պատժվեն: Հավատում եմ, որ իմ այս քայլը կհամոզի ձեզ նրանում, թե որքան անհիմն կեղտոտ մեղադրանքներ են հնչել իմ հասցեին: Վրաստանի դատախազությունը իմ գլխավորությամբ բազմաթիվ նախկին պաշտոնատար անձանց պատասխանատվության է կանչել: Մենք ստիպել ենք նրանց պատասխան տալ օրենքի առաջ: Վստահ եմ, որ մեր երկրում արդարության վերականգնման գործընթացը կշարունակվի եւ ավարտին կհասցվի», - նշվում է Շոթաձեի հայտարարությունում:

Նովոստի Գրուզիան հիշեցնում է, որ 16-ամյա Դավիդ Սարալիձեն իր հասակակցի՝ Լեւան Դադունաշվիլիի հետ 2017-ի հոկտեմբերին Խորավա փողոցում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ սպանվել են: Այսօր դատարանը արդարացրել է Սարալիձեի մահվան մեղադրյալներից մեկին, իսկ մյուսի կանխամտածված սպանության մեղադրանքը դարձրել կանխամտածված սպանության փորձ: