«Ես կցանկանայի փրկել նրան «Ազգային շարժման» գերիների շարքից, քանի որ «Ազգային շարժումը» այդ մարդուն գերի է վերցրել եւ ակնհայտորեն նրա ցավն ու ողբերգությունն օգտագործում է Վրաստանում հեղափոխություն սկսելու եւ իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է լրագրող Ալեկո Էլիսաշվիլին Ռուսթավելի փողոցում, որտեղ նա գնացել էր Զազա Սարելիձեի հետ հանդիպման, փոխանցում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը: Էլիսաշվիլին չի հանդիպել Սարելիձեի հետ, քանի որ նա հիմա Ռուսթավելի փողոցում չէ, իսկ նրա բջջայինը, ըստ Էլիսաշվիլիի, անջատված է։
Էլիսաշվիլիի խոսքով, այս օրերին նա կոչ է արել Սարելիձեին հեռանալ «Ազգային շարժումից», ինչպես նաեւ հեռացնել իրենից Զվիադ Կուպրավային, քանի որ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներն օգտագործում են մարդու ողբերգությունն ու ցավն իրենց նպատակներին հասնելու համար։
«Իմ կարծիքով, դա անընդունելի եւ շատ անազնիվ կլինի։ Փաստացի, կկորցնենք այն ամենը, ինչ կար այս օրերին, եւ «Ազգային շարժումը» կօգնի «Վրացական երազանքին» դուրս գալ ջրից։ Եթե «Վրացական երազանքում» գոնե մի կաթիլ խելք կա, ես հորդորում եմ նրանց մինչեւ օրվա ավարտը Գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնել Շալվա Շավգուլիձեին կամ Աննա Դոլիձեին եւ ուրիշ ոչ ոքի»,-ասել է լրագրողը։




























