ԱՄՆ Թուսոն քաղաքում հունվարի 8-ին կրակահերթ իրականացրած «Արիզոնյան հրձիգը» չի ընդունել իրեն Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքը։ Հունվարի 24-ին Ֆինիքս քաղաքում տեղի է ունեցել 22-ամյա Ջարեդ Լոֆների գործով դատական երկրորդ նիստը։ Մեղադրյալն, ի պատասխան դատարանի հարցի, թե համարո՞ւմ է իրեն մեղավոր տեղի ունեցած հանցագործության մեջ, պատասխանել է լռությամբ։ Մինչդեռ դատական նախորդ նիստերին մասնակցածները նշել են, թե ինչպես է Լոֆները ժպիտը դեմքին շշուկով բառեր փոխանակում իր դատապաշտպան Ջուդի Քլարքի հետ։
Ողբերգության մեղավորն իր արարքի համար պետք է պատասխան տա դաշնային դատարանի եւ Արիզոնայի նահանգային դատարանի առաջ։ Առաջին ատյանի դատարանը կուսումնասիրի կոնգրեսականի եւ նրա օգնականների նկատմամբ կատարված մահափորձը։ Նահանգի դատական մարմինները կզբաղվեն Լոֆների կողմից կատարված այլ հանցագործություններով եւս։ Եթե ապացուցվի նրա մեղավորությունը, ապա Լոֆներին մահապատիժ է սպառնում:
Հիշեցնենք, որ կոնգրեսական Գիֆորդսը Թուսոն քաղաքում տեղի ունեցած հրապարակային միջոցառման ժամանակ խանութից դուրս գալուց ենթարկվել էր զինված հարձակման: Չարագործը կրակել էր նրա գլխին: Զինված հարձակման զոհ էր դարձել վեց մարդ, 13-ը վիրավորվել էին: 40-ամյա Գաբրիել Գիֆորդսն այժմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Տիեզերքի եւ աստղագնացության ենթահանձնաժողովի նախագահն է: Նա ՆԱՍԱ-ի աստղագնաց Մայքլ Քելլիի կինն է:
Նկատենք, որ Գիֆորդսը նաեւ Հայոց ցեղասպանության բանաձեւի կողմնակից է: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամի կարգավիճակում Գիֆորդսը 2010թ. մարտի 5-ին կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծին: Գիֆորդսը բանաձեւի աջակիցներից է եղել նաեւ 2007-ին:
2010թ. աշնանը կայացած ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ժամանակ Գիֆորդսը Արիզոնայի հիմնական թեկնածուն էր, որին աջակցել է նաեւ հայ համայնքը:





























