«Դոմոդեդովոյի» օդանավակայանում կատարված պայթյունի գործով հետաքննություն անցկացնող մարմնի ներկայացուցիչը հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե «Դոմոդեդովոյի» ահաբեկչությունն իրականացրել են երկու անձինք՝ մի կին եւ մի տղամարդ։ «Հետաքննության հիմնական վարկածը չի փոխվել. օդանավակայանում պայթել է մեկ մահապարտ-ահաբեկիչ՝ 30-40 տարեկան հաղթանդամ տղամարդ, ամենայն հավանականությամբ, եվրոպական արտաքինով»,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին ասել է հետաքննության ներկայացուցիչը:
«Մարմնի մասերը վնասված են, սակայն հատուկ փորձաքննությունների օգնությամբ նույնականացում հնարավոր է»,- հստակեցրել է նա:
Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում, հունվարի 24-ին Երեւանի ժամանակով 17։ 40-ին պայթյուն է որոտացել։ Ներկա պահին հաղորդվում է 35 զոհի եւ 140 վիրավորի մասին։
Պայթյունի կապակցությամբ, քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով։ Պայթյունի տեղանքում տղամարդու գլուխ է հայտնաբերվել։ Իրավապահները ենթադրում են, որ այն պատկանել է պայթյունն իրականացրած մահապարտին, ով գտնվել է ժամանողներին դիմավորողների խմբում։ Պայթյունը համարժեք է եղել 7 կգ տրոտիլի, պայթուցիկում կտրող-ծակող մետաղական իրեր են եղել։
Նախնական տվյալներով, պայթյունից տուժած 4 հայերը Ռուսաստանի քաղաքացիներ են: Զոհերի ցուցակում հայկական ազգանուններ չկան, սակայն դեռ հստակեցված չէ 15 զոհերի ինքնությունը:




























