Բնապահպանության նախարարությունն այս տարի ուժեղացնելու է վերահսկողությունն Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Նա նշեց, որ ներդրվելու է ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման մեխանիզմի էլեկտրոնային համակարգ, որն այդ ոլորտում  առավելագույն թափանցիկություն կապահովի:

Բնապահպանության նախարարը խոսեց նաեւ կանաչապատման խնդիրներից, սակայն չմանրամասնեց, թե Երեւանի ո՞ր տարածքներում են կանաչապատման աշխատանքներ իրականացվելու։ «Այս տարի մենք պետք է կարողանանք կոնկրետ ծրագիր մշակել, նոր հայտարարություն անել»,– ասաց նախարարն, ով ի դեպ, ասուլիս էր հրավիրել ներկայացնելու նախարարության 2011 թվականի անելիքները։ Նա հիշեցրեց, որ մայրաքաղաքի կանաչապատման հիմնական պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանն է սակայն նախարարությունը եւս խնդիրն ուշադրության կենտրոնում է պահում եւ աջակցում քաղաքապետարանին։