Ամերիկյան կինոակադեմիան գրեթե թագավորական պարգեւ է արել բրիտանական
The King’s Speech («Թագավորի ելույթը») կինոնկարին` այն առաջադրելով Օսկարի 12 անվանակարգերում: Անվանակարգերի թվով կինանկարը ետ է մնացել միայն «Բենջամին Բաթթոնի հանելուկային պատմությունը» ֆիլմից, որը 2009թ. առաջադրվել էր 13 անվանակարգերում:
Ֆավորիտ դերասան Քոլին Ֆերթը, ով Թոմ Հուփերի պատմական ֆիլմում խաղում է Գեւորգ 6-ի դերը, արդեն արժանացել է «Ոսկե գլոբուսի»:
Քոեն եղբայրների True Grit վեսթեռն-ռիմեյքը հավակնում է 10 ոսկե արձանիկների, այդ թվում առաջատար անվանակարգերում: Հավակնորդների մեջ է նաեւ «սոցիալական ցանց» ֆիլմը` Facebook-ի մասին: «Սոցիալական ցանց» եւ «Թագավորի ելույթը» ֆիլմերի միջեւ էլ ընթանալու է հիմնական պայքարը:
«Տղամարդու լավագույն դերակատար» մրցանակի համար ներկայացված են Քոլին Ֆյորտը, Ջեյմս Ֆրանկոն, Խավիեր Բարդեմը, Ջեֆ Բրիջեսը եւ Ջեսսի Այզենբերգը, իսկ լավագույն դերասանուհու կոչմանը հավակնում են Անետ Բենինգը, Նիկոլ Քիդմանը, Ջենիֆեր Լոուրենսը, Նատալի Փորթմանը եւ Միշել Ուիլյամսը:
Օսկարի մրցանակները հանձնվում են 28 անվանակարգերում: Արարողությունը կայանալու է փետրվարի 27-ին, Լոս-Անջելեսում:



























