Այսօր Շվեյցարիայի Դավոս քաղաքում կբացվի հերթական Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը թվով 41-րդն է։ Այն ընթանում է «Ընդհանուր մոտեցումներ նոր իրողություններին» խորագրով։

Հայաստանի պատվիրակությունը ֆորումի աշխատանքներին չի մասնակցում։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Իսկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կրճատել է իր ներկայությունը համաժողովին՝ Դոմոդեդովոյի ահաբեկչության պատճառով։ Նա ներկա կլինի միայն բացմանը։

Ամենամեծ պատվիրակություն կունենա Հնդկաստանը՝ 140 մարդ։ Իր ներկայությունն է ընդլայնում նաեւ Չինաստանը։ Ասիական երկրների այս ակտիվությունը հիմնականում համահունչ է գլոբալ զարգացումներին։ Հատկանշական է, որ Դավոսի ֆորումի օրակարգում բազմաթիվ հարցեր նվիրված են հենց Չինաստանին ու Հնդկաստանին, ինչպես՝ «Չինաստանի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա» կամ «Ինչպե՞ս Հնդկաստանը կարող է ավելի արագ զարգանալ, քան Չինաստանը»։

Այս ամենը վկայություն է այն բանի, որ քաղաքական եւ տնտեսական հզորությունը Արեւմուտքից տեղափոխվում է դեպի Արեւելք եւ Հյուսիսից Հարավ։ Թեեւ առայժմ ոչ ոք կասկածի տակ չի դնում ԱՄՆ-ի գերիշխանությունը։

Ընդհանուր առմամբ՝ Դավոսի համաշխարհային ֆորումին կմասնակցեն 100 երկրների 2500 պատվիրակներ։