Հուլիսին կայանալիք գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եւ ԱՄՆ-ն ջանասիրաբար պատրաստվում է այդ կապակցությամբ: Այս մասին գրում է Business Insider UK պարբերականի հեղինակներից Սոնամ Շեթը:
Նրա կարծիքով՝ պարզ չէ, թե ինչ կարելի է ակնկալել տվյալ հանդիպման արդունքներից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահ Թրամփը մտադիր է այն անցկացնել անձամբ Պուտինի հետ բանակցելու դիվանագիտական քայլի միջոցով: Վերջին նման փորձը եղել է անցյալ ամիս անցկացված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընի հետ հանդիպումը Սինգապուրում, որը թեեւ Վաշինգտոնում ողջունեցին որպես պատմական իրադարձություն, սակայն, մի շարք արտաքին քաղաքական վետերանների կարծիքով, ԱՄՆ-ն գրեթե ոչինչ չշահեց, անգամ չափազանց մեծ զիջումների արեց Հյուսիսային Կորեային:
Նախատեսվող հանդիպման օրակարգում քննարկվելու են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, 2016թ. Միացյալ Նահանգների ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը, սիրիական հակամարտությունը եւ Կորեական թերակղզուց միջուկային զենքի հեռացումը:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի նախկին պաշտոնյա Մարկ Սիմակովսկին կարծում է, որ անգամ գագաթնաժողովի անցկացման ժամանակն անհանգստություն կառաջացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների մոտ՝ ԱՄՆ-ի՝ առանց այդ էլ կասկածի տակ գտնվող պարտավորությունների կատարման հետ կապված: Ըստ նրա՝ Թրամփի որոշումը՝ հանդիպել Պուտինին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մոտ ժամանակահատվածում, կարող է դիտարկվել որպես դաշինքի հանդեպ դժգոհություն արտահայտելու միջոց: Փորձագետի կարծիքով՝ Թրամփն իրեն ուզում է ներկայացնել որպես առաջնորդի, որը «մեծ գործեր է անում մեծ լիդերների հետ»՝ անկախ իր դաշնակիցների շահերի:
Թրամփի եւ Պուտինի հանդիպման հետ կապված անհանգստությունները, սակայն, այսքանով չեն ավարտվում: Ոմանք շեշտը դնում են Պուտինի հավասարակշռված ու նպատակաուղղված դիվանագիտության եւ Թրամփի անկանխատեսելի ու վատ հաշվարկված քայլերի վրա, մյուսներն ակնկալում են որոշակի բանավոր համաձայնություն, ինչը կստիպի Թրամփին այլ կերպ դիտարկել ուկրաինական ճգնաժամը: Բարաք Օբամայի կառավարման ժամանակաշրջանում Անվտանգության խորհրդի ղեկավար Էդվարդ Փրայսի խոսքով՝ կասկածները հնարավոր կլինի ցրել միայն այն դեպքում, եթե Թրամփը հստակ շեշտի, որ ԱՄՆ-ն աչք չի փակելու Մոսկվայի՝ աշխարհի վրա սարսափազդու ազդեցությունը տարածելու վրա: Հակառակ դեպքում՝ Պուտինը կարող է պասիվությունը դիտարկել որպես կանաչ լույս իր ծրագրերի իրականացման համար:
Շեթը նշում է, որ Թրամփի եւ Պուտինի «մտերմիկ» հարաբերությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Ռուսաստանի մեծագույն խնդրի՝ պատժամիջոցների վերացման հարցի վրա: Վուդրո Վիլսոնի կենտրոնի Քեննանի ռուսագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ուիլիամ Փոմերանցը կարծում է, որ 2014-ից ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության նախաձեռնությամբ երկու երկրների եւ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ամենաքիչը ԵՄ-ին են ձեռնտու, քանի որ վերջինը մեծ տնտեսական եւ էներգետիկ շահեր է հետապնդում այդ տարածաշրջանում:
«Բավական է, որ ԵՄ մեկ պետություն հայտարարի, որ չի ցանկանում շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը, որպեսզի դրանք վերանան ԵՄ բոլոր պետություններում»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանից հետո ԱՄՆ-ն հազիվ թե շարունակի պատժամիջոցներ կիրառել, հատկապես Թրամփի ռուսամետ քաղաքականության պարագայում:





























