Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը կավարտվի 2 տարուց։ Այս մասին հունիսի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքները վաղուց են իրականացվում, եւ տվյալ պահին Հայաստանի շուկայի ազատականացման համար ձեւավորել է լավ իրավական եւ օրենսդրական դաշտ:

«Սա մեզ հնարավորություն կտա շուկայի ազատականացումը ավարտել 2 տարում։ Ես մեծ նշանակություն եմ տալիս այս ծրագրին, քանի որ զարգացած երկրներում էներգետիկ շուկաների ազատականացումը զգալի առաջընթաց է ապահովել»,-նկատեց նախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան կազատականացվի «Էներգետիկայի մասին» օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում կատարված փոփոխությունների հիման վրա, որ ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ի ԱԺ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ։

Այդպիսով, Հայաստանում շուկայի ներկայիս միակ գնորդ-վաճառող շուկայի կարգավորվող մոդելից անցում կկատարվի նոր՝ ազատական մոդելի, կներդրվեն առեւտրի ժամանակակից կանոններ, կկատարելագործվի սակագնային կարգավորման համակարգը, նոր գործիքներ կներդրվեն միջպետական առեւտրի խթանման համար։

Էլեկտրաէներգիայի համակարգի կառավարման ներկայիս մոդելը ներդրվել է 2004 թվականին եւ հիմնվում է միակ գնորդ-վաճառող շուկայի կարգավորվող մոդելի վրա։