ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը ուսումնասիրում է գազի սակագները սահմանին եւ երկրի ներսում, այս հարցով համապատասխան քննարկումներն արդեն սկսել են։ Այս մասին հունիսի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչու են գազի սակագները սահմանին եւ սպառողական սակագները կրկնակի տարբերվում։

Նրա խոսքով, նախարարությունը ուսումնասիրում է հարցը, թե որքանով է փոխվում գազի գինը մինչեւ սպառողին հասնելը եւ ինչով է պայմանավորված այդ աճը։ 

«Մենք ուսումնասիրում ենք առկա ռիսկերը, ինչպես նաեւ այն հարցերը, թե որքանով են սպառողական գնի ավելացումը եւ կորուստներն արդարացված։ Խնդրում ենք համբերությամբ զինվել եւ մեզ աշխատելու հնարավորություն տալ եւ կտեսնեք մեր աշխատանքի արդյունքները։ Մենք աշխատում ենք օպերատիվորեն»,-նշեց նախարարը։

Նա նաեւ հավելեց, որ Էներգետիկայի նախարարությունը այս պահին էներգետիկ համակարգերի ռազմավարությունն է մշակում, որում ամենակարեւոր նշանակությունն ունեն փորձագետների ու վերլուծաբանների կարծիքները։

«Նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից Էներգետիկ համակարգերի բարեփոխումների եւ ռազմավարության բազմաթիվ դիմումներ ու առաջարկներ եմ ստացել»,-հայտնեց Արթուր Գրիգորյանը։

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի մյուս հարցին, թե կարող է արդյոք Հայաստանը անցնել իրանական գազի օգտագործմանը (1000 խորանարդ/մետրը՝165 դոլար), եթե ռուսական կողմը հաջորդ տարի որոշի բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, նա նշեց, որ այս պահին չի կարող հարցին պատասխանել։

«Քանի որ  ո՛չ ռուսական, ո՛չ իրանական կողմի հետ բանակցություններ չեն վարվում»,-հաղորդեց նախարարը։

Ռուսական գազի գինը սահմանին կազմում է 150 դոլար1 խորանարդ մետրի դիմաց:

Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմը» 2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանին գազը մատակարարում է  1 խորանարդ մետրը 150 դոլարով։ Հանրապետությունում 2017 թվականի հունվարի 1-ից գործում է մի սակագին, որի համաձայն այն բաժանորդները, որոնք ամսական սպառում են 10 000 խորանարդ մետրից պակաս, 1000  խորանարդ մետր դիմաց վճարում են 139 հազար դրամ (300 դոլար) սակագնով, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնք տարեկան սպառում են 600 խորանարդ մետրից պակաս, վառելիքի գինը կազմում է 100 հազար (240 դոլար)։