«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերությունների խմբից հանելը ներառված չէ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության օրակարգում։ Համապատասխան հարցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը բացասական պատասխանեց։
Հարցին, գոհ է արդյոք նախարարը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կառավարելու ուղղությամբ «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատանքից, նա նշեց, որ այս պահին նա այդ հարցով կարծիք չի կարող ձեւավորել, քանի որ այն կլինի սուբյեկտիվ եւ կողմնակալ:
«Թե որքանով են գոհացնող կամ չգոհացնող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավաման աշխատանքները, իր կարծիքը պետք է հայտնի բնակչությունը։ Ես վստահ եմ, որ այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցերը» բավականին գոհացնող ու որակյալ ծառայություններ է մատուցում»,-ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք՝ 2015 թվականի սեպտեմբերից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսն անցել է «Տաշիր» խմբի վերահսկողության ներքո, որի սեփականատերը հայտնի ձեռնարկատեր Սամվել Կարապետյանն է։




























