Հայկական ատոմակայանի արդիականացումը կարող է մեղմել էլեկտրաէներգիայի սակագները։ Այս մասին հունիսի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ատոմային էլեկտրոկայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրերի իրականացմանը։

Նրա խոսքով, ներկայումս կայանը աշխատում է իր հզորության 92 տոկոսով։«Արդիականացումից հետո ՀԱԷԿ հզորությունը կարող է հասցվել 440 մեգավատի։ Այսինքն՝ կայանի կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունը կաճի 40-50 մեգավատով։ Տարեկան կտրվածքով դա մեծ էլեկտրաէներգիայի քանակություն է, մեծ գուրմարներ կբերի, որը կարող է որոշ չափով մեղմել էլեկտրաէներգիայի սակագների ավելացումը»,-կարծիք հայտնեց մասնագետը։

Նրա խոսքով, անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներն ատոմակայանում չպետք է ընդհատվեն շահագործման ամբողջ ընթացքում։

Հարցին, թե որքան կարելի է երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը եւ որքանով է դա անվտանգ, նա օրինակ բերեց միջազգային փորձից․ «Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Ուկրաինայում նմանատիպ բլոկների շահագործման ժամկետները նախագծային ժամկետի ավարտից հետո երկարաձգվել են 30 տարով»:

«Բայց դա դեռ չի նշանակում, որ մենք միանշանակ ասում ենք, որ այն մեզանում էլ պետք է երկարացնենք 30 տարի։ Որքա՞ն է հնարավոր երկարաձգել շահագործումը, պարզ կդառնա համապատասխան ստուգումների, անվտանգության՝ հատկապես ռեակտորի առնչությամբ չափումների եւ անվտանգությունը հիմնավորող հաշվետվության ձեւակերպմամբ լիցենզիա ստանալուց հետո»,-հավելեց մասնագետը։