Շուտով երեւանյան դպրոցներում կսկսեն գործել «Արմռոբոտիքս» խմբակներ: Հունվարի 26-ին «ԱրմՌոբոտիքս ակումբ»-ի ժամանակ տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս խմբակները Երեւանի դպրոցներում» ծրագրի շնորհանդեսը: Նմանատիպ ծրագիր անցակցնելու գաղափարը ծագել էր դեռեւս 2009թ.-ին «Դիջիթեք Էքսպո»-ի ընթացքում անցկացվող «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթից հետո, երբ մի շարք ծնողներ մոտեցան եւ հետաքրքրվեցին, թե որտեղ իրենց երեխաները կարող են նման գիտելիքներ ստանալ: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ԱրմՌոբոտիքս ծրագրի մենեջեր Մարիամ Նահապետյանը: Նրա խոսքով` այս ծրագրի մշակումը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը սկսել է դեռ 2009 թ.-ից, ծրագիրը ներկայացնելով Երեւանի 5 առաջատար դպրոցներին` Օհանյան վարժարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Պոլիտեխնիկ վարժարան, Քվանտ կրթարան, Անանիա Շիրակացի կրթահամալիր:
ARMROBOTICS-ը դպրոցում ծրագրի նպատակն է դպրոցներին կից ստեղծել ռոբոտշինությամբ հետաքրքրվող եւ ռոբոտ պատրաստել ցանկացող աշակերտներից խմբակներ: Աշակերտները, որոնք կմասնակցեն դասընթացներին, կսովորեն պատրաստել ռոբոտներ, որոնք կատարեն պարզ գործողություններ, իսկ արդեն վեց կամ ութ ամիս անց կկազմկերպվի մրցույթ, որին աշակերտները կմասնակցեն իրենց պատրաստած ռոբոտներով: Այս մասին ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց «ԱրմՌոբոտիքս ակումբ»-ի կազմկոպիտեի անդամ Նորայր Ասլանյանը: Նրա խոսքով` դժվար է երեխաներին զրոյից սովորեցնել ռոբոտ պատրաստել, ուստի իրենք երեխաների հետ կաշխատեն արդեն իսկ գոյություն ունեցող սխեմայով` Arduino հարթակի վրա:
Դասընթացները` մեխանիկա, ծրագրավորում եւ էլեկտրոնիկա, անցկացվելու դպրոցների բարձր դասրանցիների շրջանում: Ներկայումս ծրագրի նախաձեռնողները պայմանավորվածություններ են ձեռք բերում դպրոցների տնօրեններից, որից հետո եւ կսկսեն աշխատանքները:
Օհանյան կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Օհանյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք շատ ոգեւորված են այս ծրագրով, իսկ աշակերտների շրջանում մեծ հետաքրքրություն կա ծրագրի նկատմամբ:
«Իսկապես երեխաները ցանկանում են սովորել ռոբոտ պատրաստել, այդ ամենը նրանց համար շատ հետաքրքիր է»,-ասաց Ս. Օհանյանը:





























