Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 3-ին, Անվտանգության խորհրդի գրասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին: 

Այս մասին Արմեն Գրիգորյանը գրել է Facebook-ի իր էջում.

«Հանդիպման ընթացքում, երկուստեք վերահաստատեցինք հայ-ռուսական հարաբերություններում վստահության բարձր մակարդակի առկայությունն ու այն ոչ միայն պահպանելու, այլեւ շարունակաբար խորացնելու հանձնառությունը:

Համակարծիք էինք, որ մեր երկու երկրների հարաբերություններում առկա է լրացուցիչ ներուժ, եւ մեր առաքելությունն է տնտեսական, ռազմաքաղաքական, հումանիտար եւ մշակութային համագործակցության ընդլայնման միջոցով այդ ներուժը հետեւողականորեն լրացնելը, որն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ամրապնդմանը:

Դեսպան Կոպիրկինը գոհունակությամբ մատնանշեց, որ Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի նոր իշխանությունների կողմից հայ-ռուսական ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների շարունակականության ապահովումը:

Հանդիպումն անցավ ջերմ եւ կառուցողական մթնոլորտում»,-գրել է Արմեն Գրիգորյանը: