Ամուլսարի հանքավայրի մշակման ծրագրի փակման պահանջներն իրավական հիմք չունեն: Այս մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Lydian International-ի իրավախորհրդատու Արմեն Մելքումյանը՝ անդրադառնալով Հայաստանում ընկերության գործունեության դեմ ուղղված ակցիաներին:
Նրա խոսքով՝ Ամուլսարի հարակից տարածքների մի շարք բնակիչներ, արգելափակեկով դեպի հանքավայրը տանող ճանապարհը, խախտում են ընկերության ազատ տնտեսական գործունեության իրավունքը եւ 1500 աշխատակցի խանգարում են կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները: «Մենք դժգոհ ենք ոստիկանության աշխատանքից, նրանք պասիվություն են ցուցաբերում, մինչդեռ որոշ մասնակիցների գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության կազմ: Ընկերությունն ամեն օր կորուստներ է կրում»,- ասաց Մելքումյանը:
Նա հայտնել է, որ ընկերությունը նամակ է ուղղել Կառավարությանը՝ Ամուլսարում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության աշխատանքը վերահսկելու եւ ազատ տնտեսական գործունեության իրավունքը վերականգնելու խնդրանքով: Lydian International-ն առաջինն է պատրաստակամություն հայտնել, որպեսզի Ամուլսարի հանքավայրում ստուգումներ անցկացվեն`կառավարության կողմից նախաձեռնված հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումներից հետո: «Մենք հուսով ենք, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում»,- ասաց իրավբանը:
Իր հերթին, Lydian International-ի կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը նշեց, որ Ամուլսարի հանքավայրի զարգացման ծրագրի փակման պահանջները իրավական հիմքեր չունեն, քանի որ որոշ բնապահպանների, փորձագետների եւ բողոքի մասնակիցների հայտարարություններն այն մասին, որ ընկերությունը մեծ էկոլոգիական ռիսկեր պարունակող ծրագիր է իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը եւ նպատակ են հետապնդում հարված հասցնել ընկերության հեղինակությանը:
«Ինչ վերաբերում է միջազգային փորձագետներին, ապա հանքավայր այցելելուց հետո նրանք արդեն հղկել են ուսումնասիրության հիման վրա արված եզրակացությունները եւ հավելել են, որ որոշ հարցերին թերահավատորեն են մոտենում եւ պետք է շարունակեն հետեւել ընկերության աշխատանքին: Եվ սա արդեն փաստագրված փաստ է»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ ծայրահեղական պահանջներն այն մասին, որ «ընկերությունը չպետք է աշխատի եւ վերջ», անթույլատրելի են իրավական պետությունում:




























