Միգրացիայի խնդիրը լուծելու կարողությունը կարեւոր է Եվրոպական միության կայունության համար, ասել է կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է DW-ն:
Չնայած տարբեր շահերին՝ վերջին գագաթնաժողովին ԵՄ երկրները երկար քննարկումների արդյունքում համաձայնության էին եկել, որ միգրացիոն խնդիրների լուծումը «վերաբերում է բոլորին», հայտարարել էր Մերկելը՝ հուլիսի 4-ին ելույթ ունենալով Բունդեսթագում կայացած գլխավոր քննարկումների ժամանակ: «Ավելի մեծ կանոնավորություն է հարկավոր բոլոր տեսակի միգրացիաների դեպքում, որպեսզի մարդիկ տպավորություն ունենան, որ օրենքն ու կարգը գերակա են»,- նշել է Կանցլերը:
Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ արդեն 95 տոկոսով ավելի քիչ միգրանտներ են գալիս ԵՄ-ը Միջերկրական ծովով, քան նախկինում: Միեւնույն ժամանակ, Մերկելը անհրաժեշտ է համարում շարունակել ամրապնդել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը: Գերմանիան կնպաստի լիազորությունների ընդլայնմանը եւ ԵՄ-ի Frontex սահմանային ծառայության կազմի ընդլայնմանը, խոստացել է կանցլերը՝ այդպիսով հիշեցնելով հունիսի 28-29-ը կայացած գագաթնաժողովին ԵՄ երկրների կողմից համաձայնեցված միջոցներից մեկի մասին:
Համաձայնեցված այլ քայլերի մեջ են մտնում Հյուսիսային Աֆրիկայում փախստականների ճամբարների բացումը եւ ԵՄ-ում փակ ճամբարների ստեղծումը նրանց համար, ում ապաստանի դիմումները քննման փուլում են:





























