«Էլ ձեզանից էն 200 դրամները չենք ուզելու, որովհետւ մեզանից էլ վերեւներից չեն ուզում», հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը՝ զրուցելով սոցիալական ապահովության ոլորտի նախկին աշխատակիցների հետո։ «ՉԻ»-ն փաստը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Արթուր Գրիգորյանը փաստորեն բացահայտելէ հանցավոր այն մեխանիզմը, որը տարիներ շարունակ գործել է համակարգում՝ նախքան իր պաշտոնավարումը։ Փաստորեն, թոշակ բաժանողները թոշակառուներից 200-ական դրամ են վերցրել եւ համապատասխան խողովակներով հասցրել «վերեւներին»։

Ի դեպ, Հայաստանում մոտ կես միլիոն թոշակառու կա, իսկ դա նշանակում է, որ «վերեւներին» հասցված գումարը կազմել է ամսական մոտ 100 միլիոն դրամ, տարեկան՝ մեկ միլիարդից ավելի։ Խոսքը, փաստորեն, լավ կազմակերպված թալանի մասին է, ընդ որում՝ տարիներ շարունակ թալանվել է բնակչության ամենաանպաշտպան խավը։ Հետաքրքիր է՝ դատախազությունն այս հայտարարությունը կընդունի՞ որպես «հաղորդում հանցագործության մասին» եւ պատասխանատվության կկանչի՞ ոլորտի նախկին ղեկավարներին, թե՞ իրավապահներն էլ են իրենց փայն ունեցել «վերեւներին» ուղարկվող գումարներից»։