Հայտնի «Գահերի խաղը» սերիալը ոգեշնչված է եղել Սպիտակ եւ կարմիր վարդերի պատերազմից եւ տպավորիչ փաստաթղթից՝ Քենթերբերիի գլանաձեւ ձեռագրից, որը շարունակում է զարմացնել գիտնականներին, հայտնում է «Մոյա պլանետան»։

Կազմված լինելով 1420-ական թվականներին՝ այն ներկայացնում է անգլիական թագավորների ծագումնաբանությունը՝ Նոյից սկսած եւ արտացոլում է Լանքեսթերների եւ Յորքերի միջեւ պայքարը իշխանության համար։ Համարվում է, որ այն կազմել են Լանքեսթերները, ապա մասամբ լրացրել են Յորքերը։

5 մետր երկարությամբ ձեռագիրը պահպանվում է Նոր Զելանդիայի Քենթբերիի համալսարանում, որտեղ էլ իրականացվում են դրա թարգմանման եւ ուսումնասիրման աշխատանքները, անցած տարի հրապարակվել էր փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։

Վերջերս իրականացվել են նաեւ ձեռագրի ինֆրակարմիր եւ ռենտգենային հետազոտություն, որի արդյունքում դրա պատմության նոր մանրամասներ են պարզվել։ Այսպես, օրինակ, ձեռագրի սկզբում պատկերված է Լանքեսթերների կարմիր վարդը, իսկ դրա տակ ավելի հին նկար է՝ Նոյյան տապանը։