Համայնքների զարգացման ծրագրերը ճշգրիտ չեն հաշվարկված, այլ հիմնված են «ատկատ»–ների տրամաբանության վրա։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» քննարկման ժամանակ նշել է հիմնական զեկուցող Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ համայնքների համար վերջերս խնդիր են խոշորացման ծրագրերը. «Խոշորացման դեպքում հստակ չէ, թե համայնքները ինչի համար են իրար հետ միացել, ինչ նորություն կամ ռեսուրս են բերել, ինչպես նաեւ արդյոք միավորված համայնքը կարող է ավելի արդյունավետ լինել»։

Գագիկ Մակարյանի համոզմամբ՝ համայնքներում մեկ այլ խնդիր է նոր բիզնեսների խտությունը 1000 աշխատունակ տարիքի քաղաքացու համար, որոնք հաճախ ծիծաղելի թվեր են. «ՀՀ–ն 15-64 տարեկան 1000 քաղաքացու համար բիզնեսների խտությամբ առանձնապես աչքի չի ընկնում, իսկ դա առավելապես նկատվում է համայնքներում, որտեղ բիզնեսների առկայությունը հատկապես կարեւոր է զբաղվածության խթանման միջոց։ ՓՄՁ–ների վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանք համայնքներում միջին հաշվով կազմում են մոտ 1 տոկոս, որը շատ փոքր եւ նույնիսկ զավեշտական ցուցանիշներ են կազմում»։

Նա շեշտեց՝ համայնքների զարգացման ծրագրերը ճշգրիտ չեն հաշվարկված, այլ հիմնված են «ատկատ»–ների տրամաբանության վրա։ «Համայնքները նշում են այնպիսի նախագծեր, որտեղ կարող են օգուտներ ստանալ, սակայն հետագայում հայտնի է դառնում, որ աշխատանքները որակով չեն արվել, իրականում կան կորուստներ։ Դրանով է պայմանավորված համայնքների շահագրգռվածությունը առաջ մղել այդպիսի նախագծեր, փոխանակ իրենց զարգացման հնարավորությունն ավելի խորը ուսումնասիրելու։ Ուստի կարեւոր է հաշվետվողականության բարելավումը, քանի որ համայնքները պետք է հաշվետու լինեն ինչպես տեղի հարկատուներին, այնպես էլ պետական մարմիններին, քանի որ ստանում են դոտացիաներ։ Ընդ որում պետք է խուսափել հաշվետվողականության գործող ստանդարտ մոդելներից, քանի որ ստացվում է՝ համայնքներն ու մարզպետարանները իրենց ժամանակի մեծ մասը հատկացնում են տվյալներ հայթայթելով, փոխանակ համայնքների զարգացման մասին մտածելու»։

Հիմնական զեկուցողը կարծիք հայտնեց, որ պետական ծառայությունների եւ ՏԻՄ–երի ավելի որակյալ ծառայությունները պետք է ուղղված լինեն բիզնեսին։  «Բազմաթիվ վերլուծությունները ցույց են տվել, որ բիզնեսը բողոքում է, որ ինքը ավելի շատ ժամանակ է կորցնում կամ ավելի թանկ է վճարում, որոնք բերում են բյուրոկրատական խոչընդոտների, կոռուպցիոն ռիսկերի, ստվերայնության եւ այլ խնդիրների, որոնք պետք է վերացվեն»։

Նա մեկ այլ խնդիր է համարում աշխատուժի պակասը եւ աշխատանքնային միգրացիան. «Տեղերում աշխատուժի եւ աշխատաուժի միգրացիայի բալանսի գնահատում պետք է կատարվի։ Տարեկան վերջին տվյալներով 30 000–ից ավելի մարդ է մեկնում աշխատանքային միգրացիայի, որից ամեն 5-ից 4-ը պատճառաբանում է աշխատանքային կարիքներով»։