Նախեւառաջ պետք է բանաձեւենք՝ ինչ ենք հասկանում, երբ ասում ենք տարածքների համաչափ զարգացում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

Այս առնչությամբ պատգամավորը մի դեպք հիշեց. «1998 կամ 1999 թվականին ԱԺ նախագահի կարգավիճակով Վայոց ձորում հանդիպումներից հետո ինձ մոտեցավ մի կին՝ երեխան ձեռքին եւ տրտնջաց, թե որքան վատ են ապրում։ Ես ասացի՝ դե կփորձենք բարելավել, աշխատում ենք այդ ուղղությամբ, իսկ նա լսեց եւ շատ կարեւոր բան ասաց՝ «Անիծվեր այն օրը, որ ես այդ գյուղում ծնվեցի»։ Սա է ամենամեծ խնդիրը՝ մարդը մտածում է բախտս չբերեց, չծնվեցի մարզկենտրոնում կամ Երեւանում։ Հետեւաբար, երբ ասում ենք տարածքների համաչափ զարգացում, խոսքը միայն ձեռներեցությամբ զբաղվելու պայմանների մասին չէ, այլ առաջին հերթին նյութական եւ ոչ նյութական կարիքների համար անհրաժեշտ պայմանների մասին»։

Հարությունյանը համոզված է՝ պետք է վերակենդանացնել մարզերի տարաբնակեցման ծրագիրը. «2000-2001 թթ. ինտենսիվ քննարկվում էր տարաբնակեցման ծրագիրը, որը արժանացավ պետական մրցանակի։ Դրա հիմքում դրված էր ռեսուրսներ–ազգաբակչություն սկզբունքը։ Ընդ որում, ռեսուրս ասելով հասկանում էինք որ միայն աշխատանքային կամ բնական ռեսուրսը, այլ նաեւ ենթակառուցվածքները։ Այն խորապես վերլուծված էր ըստ մարզերի։ Մեր մշտական հանձնաժողովում պլանավորում ենք վերակենդանացնել այդ քննարկումները։ Մեթոդոլոգիական քննարկումները կարող են արդյունք տալ»։

Անդրադառնալով համայնքներին հարկերից ազատելու առաջարկին, պատգամավորը նկատեց. «Սահմանամերձ 31 համայնքներ հարկերից ազատ գոտի հայտարարեցինք, բայց ոչ մի տեղաշարժ։ Պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը, պարզվեց միայն հարկերի ազատելով չի»։

Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց՝ պետք է շարժվենք կարեւոր հարցադրումների բարձրացմամբ ու ճանապարհային քարտեզի մշակմամբ։