Չինաստանը հանդես է գալիս բանակցությունների միջոցով առեւտրային հակասությունների լուծման օգտին, միակողմանի ճնշումներն ու սպառնալիքները հակառակ արդյունք կունենան։ Այս մասին ճեպազրույցին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ «մեր ջանքները եւ անկեղծությունը տեսանելի են ամբողջ միջազգային հանրությանը եւ պետք է շեշտել, որ երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի եւ հավասարության վրա, հաստատված կանոնների շրջանակներում»։
Չորեքշաբթի առավոտյան Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք տեղեկացված անձանց, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կառաջարկի 200 մլրդ ընդհանուր արժեքով չինական ապրանքների եւ ծառայությունների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանել նախատեսված 10 տոկոսի փոխարեն։
Գործակալության տվյալներով՝ Թրամփը առաջարկել է 10 տոկոս մաքսատուրք սահմանել, սակայն վարչակազմը դա բավարար չի համարել եւ առաջարկել է շեմը բարձրացնել մինչեւ 25 տոկոսը։



























