Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով «Շենգավիթ» բժշկական կենտրոնի 4-րդ բժշկին է մեղադրանք առաջադրվել:

NEWS.am-ի տեղեկություններով, օրերս այս գործով անջատված մասով մեղադրանք է առաջադրվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի այն ժամանակվա ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանին: Մեր այս տեղեկությունը հաստատեց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

Արամ Գրիգորյանը 2015թ.-ի հուլիսի 26-ի հերթապահ է եղել մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանի հետ: Նրան նույնպես ամիսներ առաջ մեղադրանք է առաջադրվել: Այս 2 բժիշկների մասով նախաքննության ավարտ է հայտարարվել, առաջիկայում գործը կուղարկվի դատարան: Ի դեպ, այս պահին շարունակվում է Մերի Մարգարյանի հղիությունը վարած, «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի ու 2015թ.-ի հուլիսի 25-ի հերթապահ Անի Բաբելյանի մասով դատաքննությունը: Այս գործը դատարան էր ուղարկվել ավելի քան 2 տարի առաջ: Առաջիկայում կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն կնշանակվի:

Հիշեցնենք, որ այս գործով դեռեւս 2016թ.-ի նոյեմբերին Արամ Գրիգորյանը որպես վկա հարցաքննվել է դատարանում:  Նա հայտարարել էր, որ 2015թ.-ի հուլիսի 26-ին գիշերը Մերի Մարգարյանին խորհուրդ է տվել ձեռքերի մեջ տաք հեղուկ պահել, քանի որ ջերմությունը 35,8 է եղել: Ռեանիմատոլոգը վստահեցրել էր, որ ինքը Մերի Մարգարյանի վիճակը ճիշտ է գնահատել: Նշենք, որ մահացած ծննդկանի հարազատները պնդում են` Արամ Գրիգորյանի հորդորով է նա հաշվառվել Բախշյանի մոտ: Դատարանում Արամ Գրիգորյանը հերքել էր դա: