Երեւանում 500 եւ ավելի մահճակալ ունեցող բժշկական հաստատությունները պետք է ունենան հատուկ բաժանմունք դատապարտված կամ կալանավորված անձանց համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
«Մարզերում 100 եւ ավելի մահճակալ ունեցող հիվանդանոցները նույնպես պետք է ունենան նմանատիպ բաժանմունք: Բացի դրանից, անհրաժեշտություն է առաջացել, որ բժշկական սպասարկումն ու ծառայությունը դուրս բերվեն քրեակատարողական ծառայության ենթակայության տակից: Այս որոշումը հենց միտված է սրան, որ ստանդարտները բոլորի համար լինեն նույնը»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք սա նշանակում է, որ ապագայում մենք չենք ունենալու «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
«Օբյեկտիվորեն չենք կարող չունենալ այդպիսի հիվանդանոց, թեթեւ հիվանդությունների դեպքում մեզ համար ավելի նպաստավոր կլինի, որ մենք ունենանք այսպիսի հիվանդանոց: Նեղ մասնագիտացված, բարձր որակավորում պահանջող սպասարկումը կիրականացնենք 500 եւ ավելի մահճակալ ունեցող բժշկական հաստատություններում, իսկ ավելի թեթեւ, հսկողության կարիք ունեցող հիվանդների համար կունենանք առնվազն 2 այսպիսի հիվանդանոց: Մեկը նախատեսում ենք փոխարինել ներկայիս կենտրոնական հիվանդանոցը մոտ 100 մահճակալ ունեցող կենտրոնով, երկրորդ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էլ կունենանք փակ ռեժիմի համար նախատեսված հիվանդների համար կենտրոն»,- արձագանքեց Արտակ Զեյնալյանը:
Նշենք, որ 500 եւ ավելի մահճակալ ունեցող 4 հիվանդանոց կա մայրաքաղաքում՝ «Ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Արմենիա» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնները:
Կառավարությունը միաձայն ընդունեց որոշումը: Այն Երեւանի հիվանդանոցների դեպքում կսկսի գործել 1 տարի անց, իսկ մարզերի համար՝ 2 տարի հետո:



























