Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Խաչատրյանը լիբանանյան կողմի հետ ակտիվ համագործակցություն ծավալելու համար առավել հեռանկարային ուղղությունների թվում, մասնավորապես, մատնանշել է սերմնաբուծությունը, օրգանական գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական հումքի վերամշակումը: Միաժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարը հույս է հայտնել, որ հայկական գյուղմթերքը կարող է մեծ պահանջարկ ունենալ լիբանանյան շուկայում:

Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերն իր հերթին ընդգծել է լիբանանցի գործարար շրջանակների պատրաստակամությունը Հայաստանում իրականացնել ներդրումային նոր ծրագրեր: Դեսպանը շեշտել է, որ պատմականորեն ձեւավորված տնտեսական հարաբերությունները հանդիսանում են հիմնաքար, որոնք քաջալերում են ներդրողներին։ Եվ մինչ այժմ հաջողությամբ պսակված ներդրումներներն էլ իրենց հերթին վստահություն են փոխանցում նոր ներդրում ցանկացողների համար։      

Հանդիպման ընթացքում դեսպան Մայա Դաղերը տեղեկացրել է, որ առաջիկայում Լիբանանից Հայաստան է ժամանելու պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են մի շարք ոլորտներում, այդ թվում` նաեւ գյուղատնտեսության բնագավառում ներդրումային միջավայրի ուսումնասիրությամբ եւ ծրագրերի իրականացմամբ: