Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվել են աշխարհի խոշորագույն նավթային Saudi Aramco ընկերության բաժնետոմսերի 5 տոկոսանոց փաթեթի՝ բորսայում նախնական տեղադրումից, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի նավթագազային ոլորտում աղբյուրները: Այս գործարքը թագավորության տնտեսական վերակառուցման գլոբալ ծրագրի հիմնական մասն էր, հաղորդում է «Լենտա»-ն:
Պարբերականի համաձայն՝ IPO-ի ուղղությամբ աշխատող միջազգային ֆինանսական խորհրդատուները որոշ ժամանակ առաջ հետ են կանչվել Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից: Պաշտոնապես այս մասին դեռ չի հաղորդվել:
Գործարքից հրաժարվելու հնարավոր պատճառն այն է, որ Saudi Aramco-ի ղեկավարությունը «անցել է ռազմավարական բաժնեմասի ձեռքբերմանը» Saudi Basic Industries Corporation (SABIC) ազգային նավթաքիմիական ընկերությունում: Այժմ դրա բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է թագավորության գլխավոր ինքնիշխան հիմնադրամին, եւս 5.7 տոկոսը՝ պետական սոցիալական ապահովագրության հիմնադրամին:
Saudi Aramco-ի հինգ տոկոսի՝ բորսայում վաճառքի գործարքի մասին հայտարարվել էր 2016 թվականանին թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բին Սալմանի կողմից: Այն պետք է դառնար Սաուդյան Արաբիայի տնտեսության եւ սոցիալական կյանքի բարեփոխման «Վիժն 2030» համաշխարհային ծրագրի գլխավոր մասը: Ծրագիրը ներառում է նաեւ Եգիպտոսի եւ Հորդանանի սահմանին Neom մեգաքաղաքի կառուցումը:
Իշխանությունները փաթեթի արժեքը 100 միլիարդ դոլար էին գնահատել, իսկ ամբողջ ընկերությունը՝ երկու տրիլիոն: Գործարքը բազմիցս հետաձգվել էր: Դրա հնարավոր չեղարկման մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2018 թվականի գարնանը:




























