ՀՀ իշխանությունները պետք է օգտագործեն բարձր ժողովրդականությունը լուրջ եւ ծանր բարեփոխումներն իրականացնելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկրի համար նոր իրավիճակում գոյություն ունի, քանի որ 90-ականներից իշխանության ներկայացուցիչները ցածր լեգիտիմության էին սովորել եւ իրենց ըստ այդմ էին դրսեւորում։ Սակայն հիմա, փորձագետի խոսքով, ամեն ինչ կտրուկ փոփոխության է ենթարկվել եւ ներկա իշխանությունը գործում է շատ բարձր լեգիտիմության պայմաններում։

«Բարձր ժողովրդականությունը չափազանց օգտակար եւ կարեւոր է քաղաքականության մեջ, միայն թե հարցն այն է, թե ինչի համար։ Այն կարելի է օգտագործել, մասնավորապես, ոչ  պոպուլյար միջոցների համար, որոնք պետք կլինի կիրառել։ Եթե իշխանությունը բարձր ժողովրդականություն է վայելում, ապա պետք է օգտագործել այն, որպեսզի իրականացնեն այն, ինչ անհնար է անել ցածր ժողովրդականության պարագայում»,–պարզաբանել է Իսկանդարյանը։

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանում շատ բաներ պետք է բարեփոխել. «Պետք է ոչ թե ուղղակի օգտվել բարձր ժողովրդականությունից հանուն բարձր ժողովրդականության, քանի որ իրավիճակը, որն  այնքան էլ հասկանալի չէ, թե ուր կարող է տանել քաղաքականապես, կանցնի, իսկ խնդիրները կմնան»,–ասել է քաղաքագետը։

Իսկանդարյանը գտնում է, որ դա մեծ քաղաքական գործիք է, որ կա ՀՀ իշխանությունների ձեռքին եւ որը պետք է կիրառել։