Անցումային արդարադատության մարմինների ստեղծման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բավականին բացասական ընկալվեց, սակայն դա այդպես չէ։ Այս մասին օգոստոսի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։

Նրա խոսքով՝ դա լավ առաջարկ է, բայց մի պայմանով. «Այդ դատարանները պետք է գործեն  իրավական պետության շրջանակներում՝ օրենքի գերակայություն նույնիսկ պետության նկատմամբ, իշխանության երեք ճյուղերի տարանջատում։ Սրանք իրավական պետության հիմնական ցուցիչներն են, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»,–պարզաբանել է Շիրինյանը՝ հավելելով, որ բոլոր երեք նախագահները այդ սկզբունքի ներքո են եղել, սակայն դրա հետ մեկտեղ պայքարել են դրա իրականացման դեմ։

Միաժամանակ, քաղաքագետը նշել է, որ ՀՀ ներկա իշխանությունները պետք է այդ դատարաններում ապահովեն բարձրորակ կադրեր, քանի որ ՀՀ իրավական համակարգը  շատ է հնացել։

«Դուք գիտեք գոնե մեկ ներկայացուցիչ ՀՀ իրավական մարմնում, որն աղքատ է եւ ապրում է միայն աշխատավորձով։ Ահա եւ վերջ։ Դատավորը մինչեւ թոշակի գնալն այնպիսի աշխատավարձ է ստանում, որի մասին կարող են երազել նույնիսկ ակադեմիկոսները»–նշել է Շիրինյանը։