Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բարի կամքի տեր բոլոր մարդկանց կոչ է արել պահպանել եւ պաշտպանել Աստծո ստեղծածը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մոլորակի ջրային պաշարների պաշտպանությանը, նա խմելու ջրին հասանելիությունն անվանել է մարդու հիմնական իրավունքներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք պետք է ընդունենք, որ չենք կարողացել պատասխանատվությամբ պահպանել ստեղծածը: Շրջակա միջավայրի վիճակը ինչպես գլոբալ մակարդակում, այնպես էլ մեծ թվով առանձին վայրերում, անհնար է գոհացնող համարել: Այս պատճառով մարդկության եւ արարչագործության միջեւ բարեփոխված եւ առողջ հարաբերության անհրաժեշտություն է առաջացել»,- նշված է Աստծո արարչագործության պաշտպանության մասին Աղոթքի համաշխարհային օրվա պապի ամենամյա ուղերձում, որը նշվում է սեպտեմբերի 1-ին:

Այս տարի ուղերձում շեշտադրված է ջրի խնդրի հանդեպ ուշադրության կարեւորությունը. «պարզագույն տարր, որին հասանելիություն ստանալը, ցավոք, շատերի համար դժվար է, եթե ընդհանրապես հնարավոր է»: Սրա հետ կապված Ֆրանցիսկոսը շեշտել է, որ խմելու ջրին հասանելությունը «մարդու հիմնական, հիմնարար եւ համընդհանուր իրավունքն է», քանի որ հենց այն է որոշում մարդու ապրելիությունը, իսկ դա նշանակում է, որ մարդու մյուս իրավունքների պահպանման պայմանն է:

Հռոմի պապը անդրադարձել է նաեւ ծովերի ու օվկիանոսների վիճակի խնդրին: Նա ուշադրություն է դարձրել, որ այս անգին բարիքի պահպանումը այսօր մարդության համար ամենաիսկական մարտահրավեր է: Ըստ որում՝ Ֆրանցիսկոսը նշել է ծովերի պաշտպանության գործում անբավարար արդյունավետ վերահսկողության մասին ազգային սահմաններից դուրս:

Հռոմի պապը ուղերձում անդրադառնում է նաեւ միգրացիոն սուր խնդրին՝ նշելով, որ ծովերի ջրերը պետք է լինեն «ոչ թե ժողովուրդների միջեւ բաժանման նշան, այլ մարդկային  հանրույթի համար հանդիպման նշան»: