ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Թբիլիսիում բուժվող Հայաստանի քաղաքացիներին, որոնք տուժել էին օգոստոսի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով: Այս մասին Արսեն Թորոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Քիչ առաջ այցելեցի ավտովթարի հետևանքով Թբիլիսի հիվանդանոցներում բուժվող մեր երկու քաղաքացիներին։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսի վիճակը՝ կայուն ծանր։
Բուժող բժիշկների, Վրաստանի առողջապահության նախարարության և Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում որոշվեց երկու պացիենտներին էլ մոտ օրերս տեղափոխել Երևան և բուժումը շարունակել տեղում։
Հետագայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք նրանց առողջական վիճակի վերաբերյալ»,- գրել է առողջապահության նախարարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի եւ «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ 46-ամյա Օլեգ Օմարով, Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:
«Mersedes CLK» մակնիշի վարորդը, 7-ամյա Մանե Խաչատրյանը, 37-ամյա Արամ Խաչատրյանը, 32-ամյա Արփինե Մամյանը, 29-ամյա Մարիա Պանյանը, 23-ամյա Անդրանիկ Գինոսյանը եւ եւս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» եւ «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:
Ավելի ուշ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 29-ամյա Մարիա Պանյանը մահացել է:





























