Քիչ հետո ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով կալանավորված 30-ամյա Գոռ Խաչատրյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ որոշում է կայացրել բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունն ու Խաչատրյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ Գրավի չափ է սահմանվել 1 մլն դրամը։ Աթանեսյանը տեղեկացրեց, որ Խաչատրյանի հարազատների դատարանի դեպոզիտ հաշվին վճարել են սահմանված գումարը և որ շուտով իր պաշտպանյալը դուրս կգա կալանավայրից։

Նշենք, որ այս Խաչատրյանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով կալանավորված 7 անձանցից մեկն է։

«Այսպիսով ապօրինի կալանքի տակ է մնացել միայն Դավիթ Համբարձումյանը` ի շնորհիվ դատավոր Մնացական Մարտիրոսյանի»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին եւ 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, , գույք ոչնչացնելը կամ վնասելը):