Հնդկաստանի գերագույն դատարանը չեղարկել է երկրի քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի գործողությունը, որով մինչեւ 10 տարվա ազատազրկում էր նախատեսվում նույնասեռականության համար, հայտնում է The Indian Express-ը:

Դատարանի որոշմամբ ապաքրեականացվում է նույն սեռի մեծահասակ ներկայացուցիչների միջեւ կապը եւ նույնասեռականությունը հանվում է քրեորեն պատժելի հանցագործությունների կարգից: Պարբերականի տեղեկություններով՝ հոդվածի չեղարկման մասին խնդրագիրը դատարան էր ուղարկվել սեռական փոքրամասնությունների ազատության 5 կողմնակիցների կողմից, երբ Հնդկաստանի ՆԳՆ-ն հրաժարվել էր հարցը քննարկել՝ դրա լուծումը թողնելով գերագույն դատարանին:

Նույնասեռականության համար քրեական հետապնդումը երկար ժամանակ եղել է Հնդկաստանում լայնորեն քննարկվող հարց: Բազմիցս նախաձեռնվել են հոդվածի չեղարկմանը հասնելու փորձեր, սակայն ամեն անգամ մերժվել են բարձրագույն դատական ատյանների կողմից: