Նոր մանրամասներ են բացահայտվում Խեմնից քաղաքում ենթադրաբար միգրանտների կողմից 35-ամյա տեղացի բնակչի սպանությունից տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ: Ուրբաթ Die Welt թերթը հաղորդել է, որ երկու շաբաթ առաջ նեոնացիստները հարձակվել են հրեական ռեստորանի վրա, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սաքսոնիայի քրեական գործերով գերատեսչությունը հաստատել է հրատարակությանը, որ ռեստորանի սեփականատերը դիմել է ոստիկանություն: Ըստ գերատեսչության ներկայացուցչի, տվյալ դեպքում խոսքը հավանաբար քաղաքական դրդապատճառներ ունեցող հանցագործության մասին է, որի հիմքում հակասեմական հայացքներ են»: Դեպքը հետաքննվում է: Ըստ թերթի, բացի ոստիանությունից, գործով զբաղվում է Սաքսոնիայի սահմանադրության պահպանության գերատեսչությունը եւ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի ոստիկանանական կենտրոնը:

 Գերմանիայի կառավարության հակասեմականության դեմ պայքարի համար լիազորված Ֆելիքս Քլյայնը մտահոգություն է հայտնել կատարվածի կապակցությամբ:

Օգոստոսի 26-ի գիշերը քաղաքում դանակի վնասվածքներից մահացել էր 35-ամյա տեղացի բնակիչ: Ըստ քննության հարձակվողները Սիրիայից եւ Իրաքից միգրանտներ էին, նրանցից երկուսին հետագայում հաջողվել էր հետեւել եւ կալանավորել: