ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աստղը կրկին իր տեղն է գրավել հոլիվուդյան «Փառքի ծառուղում», հայտնել են Հոլիվուդի առեւտրի պալատից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փառքի ծառուղում» Թրամփի աստղը բազմիցս ենթարկվել է վանդալների հարձակմանը, մասնավորապես՝ այն նկարել են տարբեր խորհրդանիշներով: Ավելին՝ վանդալները մի քանի անգամ աստղը փչացրել են հարվածող գործիքներով: Վերջին հարձակումը կատարվել էր այս տարվա հուլիսին, երբ մի տղամարդ աստղը կոտրել էր կիթառի պատյանով բերած քլունգով:

«Ցանկացած աստղ, որն ավերվել է կամ վանդալիզմի ենթարկվել, կփոխարինվի Hollywood Historic Trust հասարակական խմբի կողմից»,- նշված է առեւտրի պալատի գլխավոր տնօրեն Լերոն Գաբլերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Ավելի վաղ ակտիվիստները միջնորդագիր էին հրապարակել՝ Թրամփի աստղը հեռացնելու պահանջով, սակայն Լոս Անջելեսի իշխանությունները հրաժարվել էին դա անել: Հոլիվուդի առեւտրի պալատը եւս հայտարարել էր, որ երբեք ծառուղուց աստղերը չի հեռացնի հանրության առանձին ներկայացուցիչների բացասական արձագանքի պատճառով: