ԱՄՆ-ի բնակիչների մասնաբաժինը, որոնք ծնվել են երկրի սահմաններից դուրս, 1910 թվականից հետո հասել է ամենաբարձր աստիճանին, իսկ վերջին տասնամյակում ներգաղթյալների ավելացումը հիմնական ապահովել են ասիական երկրներից ժամանածները: Այս մասին հայտնում է The New York Times թերթը՝ հղում անելով 2017 թվականի ընթացքում ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի հրապարակված տվյալներին:

Տասնամյակներ շարունակ, ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ի համար հպատակագրված քաղաքացիների հիմնական «մատակարարները» Լատինական Ամերիկայի երկրներն էին:

2010 թվականից այս դերը ստանձնել է Ասիական տարածաշրջանը, որին այս ժամանակահատվածում բաժին է ընկել ներգաղթյալների 41 տոկոսը, իսկ Լատինական Ամերիկայի երկրներն այս խմբում 39 տոկոս են կազմել: Նոր եւ անսպասելի ցուցանիշ էր դարձել նաեւ այն փաստը, որ եկվորների գրեթե կեսը` 45 տոկոսը, բարձրագույն կրթություն ունի: 2000-2009 թվականներին ներգաղթյալների շրջանում նրանք 30 տոկոս են կազմել, հայտնում է ՏԱՍՍ- ը:

«Սա բացարձակապես չի համապատասխանում մեր ակնկալիքներին», - թերթին պատմել է Բրուքինգս ինստիտուտի ավագ ժողովրդագրագետ Ուիլյամ Ֆրեյը: «Մեզ մոտ կարծիք էր ձեւավորվել, որ  ներգաղթյալները լատինամերիկյան երկրներից ցածր որակավորում ունեցող աշխատողներ են, բայց վերջին տարիներին ԱՄն եկած մարդիկ այս կարծիքին շատ չեն համապատասխանում: Ասիացիների մասնաբաժինը գերազանցել է Լատինական Ամերիկայից եկած մարդկանց թվին»:

Ներգաղթյալների ներհոսքի վերջին պիկը գրանցվել է ХIХ եւ ХХ դարերի վերջին, երբ եկվորների մեծ մասը, հիմնականում Գերմանիայի, Իտալիայի եւ Լեհաստանի քաղաքացիների մասնաբաժինը, ԱՄՆ բնակչության գրեթե 15 տոկոսն է կազմել: Այնուհետեւ` 1920-ական թվականներին, ներգաղթի օրենսդրության խստացումից հետո, այն անկում ապրեց եւ 1970-ին 5 տոկոսի հասավ:

Երկար տարիներ ներգաղթային հոսքի առաջատարը Մեքսիկան էր, բայց 2010-ից մեքսիկացիների բաժինը ներագղթյալների թվում նվազել է, իսկ Հնդկաստանց եւ Չինաստանից եկվորների թիվը հակառակը՝ զգալի աճել է:

2017-ի տվյալներով, ԱՄՆ-ի բնակիչների մասնաբաժինը, որոնք ծնվել են երկրի սահմաններից դուրս, կազմել է բնակչության 13.7 տոկոսը (44.5 մլն մարդ), The New York Times-ը ներկայացնում է ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի հրապարակած տվյալները: