Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, արցախյան պատերազմի վետերան Մյասնիկ Մալխասյանը սեպտեմբերի 13-ի լույս գիշերը բուժման նպատակով տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի Նեւրոլոգիայի եւ նեյրովիրաբուժության ԳՀԻ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անահիտ Հախեյանը:

Նրա խոսքով՝ Մյասնիկ Մալխասյանը «Աստղիկ» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է ընդունվել կոմայի մեջ եւ այնտեղ է գտնվել 50 օր: ԲԿ բժիշկներն ախտորոշել են թարախային մենինգիտ, նրան բուժել են ծավալուն հակաբիոտիկներով եւ ուղեղի թաղանթի վիճակը բարելավվել է: «Հիվանդության ինֆեկցիոն գենեզը վերացվել է»,- հայտնեց նա:

Մասնագետի խոսքով, սակայն, թթվածնի անբավարար մատակարարման եւ նյութափոխանակության խանգարման պատճառով հիվանդի մոտ բարդացումներ են զարգացել, որոնք բերել են ուղեղի գործունեության խանգարման, հատկապես մեծ կիսագնդերի կեղեւի:

Ազգականների ցանկությամբ «Աստղիկ» ԲԿ են հրավիրվել Սանկտ Պետերբուրգի Նեւրոլոգիայի եւ նեյրովիրաբուժության ԳՀԻ՝ ուղեղի պաթոլոգիաների բուժման մասնագիտացված կենտրոնի մասնագետները: Նրանք ազգականներին առաջարկել են Մյասնիկ Մալխասյանին տեղափոխել Սանկտ Պետերբուրգ ավելի ճշգրիտ ախտորոշում կատարելու եւ մասնագիտացված բուժում տալու համար:

«Հիվանդությունը, որի հետեւանքով հիվանդը հոսպիտալացվել էր «Աստղիկ» ԲԿ, բարեհաջող ախտորոշվել է, սակայն ընթացքում բարդացումներ են առաջացել ուղեղ թթվածնի անբավարար մատակարարման եւ նյութափոխանակության խանգարման պատճառով: Սանկտ Պետերբուրգից գործընկերների առաջարկով կազմակերպել ենք հիվանդին օդանավով տեղափոխումը նրանց պրոֆիլային ինստիտուտը, որտեղ կկազմակերպվի նրա հետագա բուժումը»,- ասաց Անահիտ Հախեյանը: