Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ուսումնասիրությունն ավարտվել է:

Այս առնչությամբ, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ամուլսարի վերաբերյալ ավարտեցինք նաեւ աշխատանքային խմբի գործընթացը: Խումբը տեսչության հետ կապ չունի եւ ձեւավորվել ու գործում էր հասարակական հիմունքներով: Վաղը խմբի անդաների եզրակացություններն ու կարծիքները, ինչպես նաեւ «Լիդիան Արմենիա» ընկերության առարկությունները կներկայացնեմ վարչապետի աշխատակազմին:

Այս նյութերը գաղտնի չեն եւ համակարգված կերպով կտրամադրվեն նաեւ մամուլին ու այլ շահագրգիռ անձանց: Ի տարբերություն տեսչական մարմնի, աշխատանքային խումբն իրավունք ուներ եւ արել է նաեւ ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության եւ դրա հիման վրա տրված բնապահպանական փորձաքննական եզրակացության վերաբերյալ դիտարկումներ:

Նշեմ նաեւ, որ վաղը մեկում եմ Կապան՝ Քաջարանի հանքավայրի վերաբերյալ աշխատանքային խմբի ձեւավորման օրակարգով:

Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 16:00-ից, Սյունիքի մարզպետարանի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում,որտեղ կներկայացվի տեղեկատվություն աշխատանքային խմբի գործունեության, դրա իրավական հիմքերի, արդյունքների կարեւորության եւ համայնքային ներգրավվածության վերաբերյալ: Սկսենք Քաջարանի հարցով աշխատանքային խմբի ձեւավորման գործընթացը: Համեցեք քննարկման»: