Պետք է տարբերակել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք նա արել է ընդդիմադիր եղած ժամանակ եւ հիմա, երբ նա կառավարության ղեկավար է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Նրա խոսքով, պետք է տարբերակել Փաշինյանի հռետորաբանությունը նրա պրակտիկ մասնագիտական քաղաքական աշխատանքից եւ գործունեությունից ընդհանրապես:
«Վարչապետը հայտարարել է այն մասին, որ սա իներցիոն բյուջե է: Այսինքն փաստաթուղթը լիովին չի բնութագրում բոլոր ռեսուրսները կամ նոր կառավարության ցանկությունները: Կառավարությունն աշխատել է տարվա կեսից եւ այստեղ ռիսկեր կան», - բացատրեց Մելքումյանը:
Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ թոշակների եւ աշխատավարձերի էական աճ հանրապետությունում չի սպասվում, նշելով, որ Կառավարությունը մտադիր է բյուջեից միջոցներ հատկացնել թոշակների աննշան բարձրացման համար:
«Միջոցները կբավականացնեն նվազագույն կենսաթոշակի աճն ապահովելու համար, որը թոշակառուների որոշակի մասն է ստանում: Նվազագույն կենսաթոշակը կբարձրացվի մինչեւ 25-25.5 հազար դրամ:
Այսինքն թոշակառուների որոշակի խմբի համար ինչ-որ աճ այնումամենայնիվ կլինի», - ասաց նա՝ անդրադառնալով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի դեռ միայն հաստատված նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է 4.9 տոկոս տնտեական աճ, մինչդեռ 2017-ին այն գերազանցել էր 7 տոկոսը: Աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում նույնպես չի սպասվում:




























